Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

01 օգոս 2023 11:48

Խնդիրն ավելի դաժան ու լուրջ է, քան անգամ 100 տարի առաջ.Բավական է լսել Ալիևի ելույթը Շուշիում՝ հասկանալու նպատակները

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը շարունակում է արցախահայությանը սովի մատնելու, հումանիտար ճգնաժամը խորացնելու իր քաղաքականությունը։ Զուգահեռ, սակայն, միջազգային որևէ կառույց մինչ օրս Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց չի կիրառել։ Պատժամիջոցներ չեն կիրառվում անգամ այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակ անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը՝ կապված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման հետ։ «Փաստի» հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ միջազգային հանրությունից որևէ հստակ քայլ ակնկալելը միամտություն է։

«Մեր հասարակությունում վերանում են սին պատկերացումները՝ կապված միջազգային հանրություն կոչվածի հետ։ Մենք երբևիցե որևէ լուրջ, կիրառական քայլ չենք նկատել այդ միջազգային հանրություն կոչվածից, եթե դրանք ուղղված չեն իրենց տնտեսական օգուտներին։ Այլ բան չի էլ կարելի սպասել, որովհետև նրանք խամաճիկներ են, որոնք կատարում են ինչ-որ հանձնարարություններ և ոչ ավելին։ Նախ՝ ֆիքսենք, որ միջազգային հանրություն ասելով՝ անմիջապես, որպես կանոն, արևմտյան հասարակություն ենք հասկանում։ Միջազգային հանրության մոտ խոշոր՝ գաղափարախոսական ու աշխարհաքաղաքական տեսանկյունից դեգրադացիա է տեղի ունեցել։ Ազատականությունը, որը կարևոր հանգամանք է, այլևս չկա։ Այսօր ազատականությունը ասոցացվում է միայն ԼԳՏԲ համայնքի ազատության հետ, իսկ այլ ազատություններն ու իրավունքները երկրորդ պլանում են։ Մենք, մեծ հաշվով, գործ ունենք նման միջազգային հանրության հետ, որոնց համար մի քանի գրամ գազն ավելի կարևոր է, քան հարյուրհազարավոր մարդկանց կյանքը։ Նկարագրվածը այսօր տեսնում ենք Արցախի պարագայում։ Իրենք ամբողջությամբ դեգրադացված վիճակում են, և որևիցե ակնկալիք ունենալը միամտություն է»,ասաց քաղաքագետը։

Գագիկ Հարությունյանի խոսքով, Ադրբեջանի նկատմամբ մենք որևիցե պատժամիջոց չենք տեսել ու չենք տեսնի, քանի որ բոլոր հասկացություններն արժեզրկվել են։ «Արևմուտքը Ադրբեջանի հետ հատկապես գազի վաճառքի հետ կապված խնդիրներ ունի։ Այս դեպքում մնացած հարցերը երրորդային, չորրորդային են։ Դեռ մեկ դար առաջ մի անգլիացի ասել է՝ «մեզ համար գլխավորն այն է, որ նավթը Բաքվից հասնի Բաթումի ու հետո՝ Եվրոպա»։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ կար ցեղասպանություն, կային մարտեր և այլն։ Սա է Արևմուտքի դեմքը։ Այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, արևմտյան դոմինացիայի վերջն է»,ընդգծեց նա։ Քաղաքագետի դիտարկմամբ, այն, ինչ կատարվում է Հայաստանում, տեղի է ունենում միջազգային հանրության անմիջական օգնությամբ ու մասնակցությամբ։ «Գունավոր հեղափոխությունն իրենց հիմնական տեխնոլոգիաներից է, որը և կիրառեցին Հայաստանում։ Այժմ լավ են պատկերացնում, թե ուր են գնում, իսկ տեղի իշխանություն կոչվածները, ինչպես մանկլավիկներ ու քծնող ծառաներ, հլու-հնազանդ կատարում են իրենց հրամանները»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ Արցախի նկատմամբ այսօր իրականացվող գործողությունները մեկ գլոբալ նպատակի համատեքստում են։

«Բավական է լսել Ալիևի ելույթը Շուշիում՝ հասկանալու նպատակները։ Թուրք-ադրբեջանական կոալիցիան կայսերական է, գործողությունների հիմքում ջնջելն է։ Իրենք քաղաքակրթական որևիցե արժեք չստեղծած ազգ են։ Ռուսաստանը, որը 13 պատերազմ է տարել Թուրքիայի դեմ և մեծամասնությունում հաղթել է, միակ ուժն է, որը կարող է կանգնեցնել թուրք-ադրբեջանական արշավանքը դեպի Հայաստան։ Այսօր ոչ միայն նոր ցեղասպանության, այլև Հայաստանը ոչնչացնելու ու հայերից մաքրելու հարց է դրված։ Ավելին, խնդիրն ավելի դաժան ու լուրջ է, քան անգամ 100 տարի առաջ, երբ Հայոց ցեղասպանություն եղավ։ Խնդիրը լուրջ է հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները խորհուրդ են տալիս մոռանալ Արարատը, հիմնը, մեծ հաշվով՝ հայ լինելու էությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ քաղաքագետի, պետք է հնարավորինս դիմանալ 2023-ին։ «Դրական սցենարի մեկ հույս կա, որը կապված է 2024 -ի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների հնարավոր հաղթանակի հետ։ Հանրապետականները, ի դեմս նաև Թրամփի, խոստանում են արագ լուծել ուկրաինական խնդիրները։ Նման սցենարի դեպքում ռուսներն առավել ուշադրություն կդարձնեն հայ-ադրբեջանական ճակատի վրա։ Մնում է դիմանալ, չնայած հեշտ է ասել՝ դիմանալ, երբ Արցախում 120 հազար մարդ արդեն սոված է ու շրջափակված։ Մյուս բոլոր սցենարները, որտեղ Ռուսաստանի ակտիվ մասնակցություն չկա, ըստ իս, շատ ճակատագրական ու վտանգավոր են»,-եզրափակեց Գ. Հարությունյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր