Ստամբուլում ՌԴ դեսպանի սպանության գործով ձերբակալել են «կրիտիկական անձնավորության», նա կին է
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են Ստամբուլում իրականացված գործողության ժամանակ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով «կարևոր մեղադրյալի» ձերբակալության մասին։
Այսպես, Sabah թերթը գրում է, որ Ստամբուլի ոստիկանությունը գործողության ընթացքում ձերբակալել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով «կրիտիկական անձնավորության»։ Ամբաստանյալի բնակության վայրում խուզարկության ժամանակ առգրավվել է բջջային հեռախոս, երկու SIM քարտ, SIM քարտերի համար նախատեսված սարք և հիշողության քարտ։ Իր հերթին A Haber հեռուստաալիքը պնդում է, որ ձերբակալվածը կին է, ով ռուս դիվանագետի սպանության մեջ ներգրավված անձանցից մեկի կինն է։
Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակումն իրականացրել է ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը, որին լիկվիդացրել են ուժայինները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կառլովին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում, հայտնում է РИА Новости-ն։
Ռուսաստանի դեսպանի սպանությունը կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել 28 կասկածյալի, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով հերքել է մեղադրանքները։ Մարտին Անկարայի դատարանը Կառլովի սպանության գործով վճիռ է կայացրել։ Հինգ ամբաստանյալներ դատապարտվել են ցմահ ազատազրկման։ 8 անձ ստացել է երեք տարի ինն ամսից մինչև 15 տարվա ազատազրկում, ևս վեցն արդարացվել են։ Հետախուզման մեջ գտնվող ևս ինը մեղադրյալների, այդ թվում Գյուլենի գործերը դատախազության պահանջով առանձնացվել են առանձին վարույթներով։