Հունիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Վթարային աշխատանքներով պայմանավորված հունիսի 21-ին ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Հունիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 սեպ 2023 13:18

Ուկրաինացիների խումբը ՀՀ բանկոմատներից շուրջ 128 մլն դրամ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրացիներից կազմված կայուն կազմակերպված հանցավոր խմբի կողմից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:


Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ խմբի անդամներից հինգի ինքնությունը, հափշտակության մեխանիզմը, հափշտակված գումարի չափը:


Մասնավորապես՝ 2016թ․ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ է դիմել  հայաստանյան բանկերից մեկը՝ իր բանկոմատներից կատարված առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության խնդրով:


Հաղրոդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ուկրաինայի երեք քաղաքացիներ, բանկի գումարները հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու դիտավորությամբ, կազմել են կայուն կազմակերպված հանցավոր խումբ, խմբի անդամների միջև հստակ դերաբաշխում կատարել և մանրակրկիտ պլանավորել հանցագործությունը: Ըստ այդմ, «VIBER» ծրագրային ապահովման ցանցում կեղծանվամբ հանդես եկող՝ դեռևս չպարզված անձնավորությանը վերապահվել է հանցակիցների կողմից հանցավոր գործողությունների համակարգումը և ղեկավարումը, իսկ խմբի մյուս երկու անդամներին՝ ցանցահենությամբ այդ գործողությունների կատարումը և ՀՀ-ից գողոնի արտահանումը։


Ըստ այդմ՝ վերջիններս, առանց թույլտվության, պաշտպանիչ համակարգի խախտմամբ, ներթափանցել են ՀՀ տարածքում գործող բանկի համակարգչային համակարգ և ապօրինի տիրացել համապատասխան աշխատակցին պատկանող մուտքանվանը և գաղտնաբառին, ապօրինի ներթափանցել մյուս աշխատակցի աշխատանքային համակարգիչ, որոշակի գործողություններից հետո ներբեռնել հեռակա համակցման ծրագիր և կարողացել բանկի բանկոմատները կառավարող սերվերը վարակել «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով։


Դրանից օրեր անց կազմակերպված խմբի անդամներից երկուսը Կիևից ժամանել են Հայաստան, իսկ նրանց հանցակիցը, ներբեռնված համակցման վերոնշյալ ծրագրի միջոցով միանալով սերվերին, կեղծ մուտքանունով կատարված մի շարք համակցումների միջոցով ներթափանցել է ընկերության բանկոմատները կառավարող, «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով վարակված սերվեր, որն առաջացրել է բանկոմատների բնականոն աշխատանքի խափանում։


Արդյունքում՝ 2016թ․ հոկտեմբերի 22-23-ին, բանկոմատների աշխատանքի խափանման հետևանքով, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրված բանկի 16 բանկոմատների ստեղնաշարերի վրա հավաքելով հատուկ գաղտնաբառեր, նրանք ապօրինի ելքագրել և հափշտակել են ընդհանուր 112.521.000 ՀՀ դրամ:


Այնուհետև գողոնը արտարժույթի փոխարկելու, այդ կերպ հանցավոր ծագումը խեղաթյուրելու և էլեկտրոնային վճարային համակարգերով նշված գումարն Ուկրաինա փոխանցելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջինս կապ է հաստատել ՀՀ դրամն էլեկտրոնային արտարժույթի փոխարկմամբ զբաղվող Երևանի բնակչի հետ։


Համաձայն պայմանավորվածության՝ Երևան քաղաքի բնակիչը խմբի անդամներից ստացել է 92.840.000 դրամ կանխիկ գումար, որի մեծ մասն իր ծանոթների միջոցով փոխարկել է ԱՄՆ դոլարի և հանձնել է վերջիններիս, իսկ փոքր մասը փոխարկել է «Bitcoin» և «AdvCash» էլեկտրոնային արտարժույթների, որոնք դրանց էլեկտրոնային վճարային համակարգերում իր հաշվեհամարներից 2016թ․ հոկտեմբերի տարբեր օրերի փոխանցել է կեղծանվամբ հանդես եկող անձնավորության կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Իսկ խմբի նշված երկու անդամները, ստանալով ԱՄՆ դոլարի փոխարկված կանխիկ գումարները, մեկնել են ՀՀ-ից:


Ուկրաինայի մեկ այլ քաղաքացի՝ 33-ամյա տղամարդը և վերջինիս ծանոթը, վերոհիշյալ հանցավոր խմբի անդամներից մեկից տեղեկացել են, որ կարող են Հայաստանում գումար աշխատել՝ էլեկտրոնային եղանակով բանկոմատներից գումար հափշտակելու եղանակով: Այդ նպատակով, նրանք ժամանել են Հայաստան, խմբի նշված անդամից ստացել անհրաժեշտ բանկոմտաների հասցեները և, օգտվելով վնասաբեր համակարգչային հարուցիչի գործարկման հետևանքով բանկոմատների բնականոն աշխատանքի խափանման հանգամանքից, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված բանկի թվով 3 բանկոմատներից, առանց որևէ տվյալներ մուտքագրելու, հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 16.070.000 ՀՀ դրամ գումար:


Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 33-ամյա ուկրաինացի տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքի և գրավի:


Քրեական վարույթից վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:


Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, բանկին հասցված վնասի վերականգնումն ապահովելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր