Ինչպիսին են լինելու ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականության հետևանքները․ «Հրապարակ»

Լուր ստացվեց, որ սննդի մեծ ցանցերից մեկն է կապվել հայաստանյան մատակարարի հետ եւ ասել, որ առաջիկայում ապրանք չի ընդունելու` չբերեն: Լարսում կոնյակով բեռնված ֆուրերին ասվել է, որ կոնյակի էքսպերտիզան կտեւի 1-3 ամիս: Բայց ամենից մեծ անհանգստությունը վերաբերում է ռուսաստանաբնակ հայերին, որոնք մեկ միլիոնից ավելի են կազմում:
Այս պահի դրությամբ, ըստ ՌԴ մեր աղբյուրների, Ռուսաստանում առնվազն 30 հազար հայ կա, որոնք ոչ մի կարգավիճակ չունեն` հաշվառված չեն, ապրելու եւ աշխատելու իրավունք չունեն, բայց ՌԴ իշխանությունների լուռ համաձայնությամբ թույլատրված էր, որ նրանք ապրեն եւ աշխատեն Ռուսաստանում, եւ առաջին վտարվողները լինելու են նրանք: Ընդ որում, դեպորտներն ուղեկցվելու են բերման ենթարկելով, մեկուսարաններում պահելով եւ առանց հետ վերադառնալու իրավունքի վտարմամբ: Ապա կսկսեն տարբեր հիմնարկներից ազատել հայազգի աշխատակիցներին, նույնիսկ՝ եթե նրանք ՌԴ քաղաքացիներ լինեն: Եվ կարող է այնպես ստացվել, որ Արցախից Հայաստան ժամանած 100 հազար հայ փախստականներին ավելանան եւս մի քանի հարյուր հազար ռուսաստանաբնակ հայեր»։