Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

04 հոկ 2023 12:08

Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը

Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հետ: Վերջինիս հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Կատրին Կոլոննան մի շարք հայտարարություններ է արել, որոնցից առավել հետաքրքրական են հետևյալները:
Նախ՝ դեռևս շատ հստակեցումներ պետք է արվեն, բայց Ֆրանսիան համաձայնել է Հայաստանի հետ ապագայում կնքել պայմանագիր, որը  ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա:
Ե՞րբ, ինչպե՞ս, որքա՞ն, ի՞նչ, բնականաբար, անհայտ է:

Երկրորդը՝ Կատրին Կոլոննան հայտարարեց, որ պաշտոնապես դիմել է ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ «եվրոդիտորդների» առաքելությունն ընդլայնելու և մանդատը հզորացնելու համար, գումարած՝ Հայաստանը «Խաղաղության Եվրոպական մեխանիզմի» մեջ ներառելու համար: Ֆրանսիայի ԱԳ նախարարը իշել է, որ ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ հստակ և կոշտ արձագանքի կարժանանա։ Բայց այստեղ էլ հույսը փոխանցում է, օրինակ, ԱՄՆ-ի վրա:
Թե այդ ի՞նչ «կոշտ արձագանք» է լինելու, պարզորոշ ցույց տվեցին ՄԱԿ-ի «առաքյալները», որոնք հայտարարեցին, որ հայաթափված Արցախում ամեն ինչ ուղղակի հրաշալի է, հիասքանչ ու աննման, միայն անհասկանալի է, թե ո՞ւր են հեռացել բնակիչները և՝ ինչո՞ւ: Շատ «հզոր» արձագանք էր, որի համար Ալիևը ՄԱԿ-ի գրպանը 1 մլն դոլար խոթեց: 

Երրորդը՝ Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանը չի հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Մասնավորապես, Կոլոննան հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է ապահովեր, որ հնարավոր լիներ հարցերը լուծել քաղաքական ճանապարհով և լուծեր երկու երկրների միջև եղած խնդիրները, այսինքն՝ դա Ռուսաստանի իր պարտավորությունն էր, որը չի կատարվել, ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարարի: 
Կատրին Կոլոննան նաև հիշատակեց Ֆրանսիայի ու Մակրոնի ջանքերի մասին, մասնավմրապես. «Ֆրանսիան շատ զգոն կլինի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, եզրակացություններից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հայտարարության հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ: Մենք ձեր կողքին ենք` բոլոր նրանցով, որ կիսում են զգացողությունը, որ այս պարտավորությունը պետք է հարգվի»:

Իսկ սա արդեն եվրոպական ու քաղաքական երեսպաշտության ու երկերեսանիության կամ աներեսության քրեստոմատիկ դրսևորում կարելի է համարել: Կատրին Կոլոննան, երևի Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի օրինակներն ունենալով, կարծում է, թե Հայաստանում բոլորն են այդպիսին: Հարցն այն է, որ Արցախի ամբողջական հայաթափման, Արցախի հայության բնաջնջման ու ադրբեջանականացման ընթացիկ ողբերգության հանգուցային կետը հենց նշված Պրահայի հանդիպումն էր, որտեղ Փաշինյանն ուրացել է Արցախը՝ դրանից բխող ու այս օրերին դրսևորված աղետային հետևանքներով: 
Իսկ երկերեսանիություն է Կոլոննայի ասածը, որովհետև նա չի կարող չհասկանալ, որ  իրենց միջնորդությամբ եղած Պրահայի հանդիպումը ուղղակիորեն ոռոչինչ է դարձրել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Ռուսաստանի պարտավորություններով հանդերձ: Բայց հիմա Ռուսաստանի դեմ է ուղղում սլաքները, տպավորություն ստեղծելու համար, թե ԵՄ-ն ու Ֆրանսիան, իբր, անմասն են Արցախի ու հայության գլխին ջարդված աղետից, այն դեպքում, երբ ուղղակիորեն կանգնած են դրա ակունքներում: 

Թերևս պետք է գոհ լինենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ընդունում է փաստը, որ Արցախի հայերը ինքնակամ չեն լքել իրենց բազմահազարամյա բնօրրանը, տները, բնակավայրերը, հայրենիքը: 
Եվ վերջինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը նշվել է, որ Ֆրանսիան Հայաստանին մի 12,5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտա: 
Լուսանկարը՝ կառավարության կայքից
zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր