Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

17 հոկ 2023 17:18

Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2023 թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ՝ արդեն իսկ աջակցություն է ստացել 2649 շահառու վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ 2022 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 3088 շահառու՝ շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի չափով:

Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 8101 շահառու՝ 1337-ը մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարանի կամ անհատական բնակելի տուն ձեռքբերելու, 2366-ը՝ կանխավճարի ապահովագրության, իսկ 4398-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում։

Նախարարությունից հիշեցնում են՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։

Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։

Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։

Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։

Ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն՝ urlshortener.at/euvG9։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր