Պատերազմի ժամանակ Սամվել Շահրամանյանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ ու անուններ հնչեցրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական ագրեսիվ գործողությունների ընթացքում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապվել է Ադրբեջանի ԱԱԾ պետի տեղակալի հետ։
Նա առաջարկել է շտապ դադարեցնել կրակը, եւ, որպես նորընտիր նախագահ, առաջարկել է՝ իր փոխարեն մեկ ուրիշ՝ ավելի ընդունելի մարդ մասնակցի բանակցություններին (գուցե իր ընտրությունն է հարձակման պատճառ դարձել), միայն թե Արցախի ցեղասպանությունը կանգնեցվի: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Շահրամանյանը հնչեցրել է նաեւ կոնկրետ անուններ՝ առաջարկելով, որ ԼՂՀ իշխանության կողմից Սամվել Բաբայանը ներգրավվի բանակցություններում, սակայն ադրբեջանական կողմը նրան սուտասան եւ ապատեղեկատվություն տարածող է համարել՝ առաջարկելով Բաբայանին Հայաստան ուղարկել:
Շահրամանյանն առաջարկել է նաեւ Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, սակայն ադրբեջանական կողմը նրա մասով էլ առաջարկել է ուղարկել Հայաստան եւ դատապարտել նրան: Սամվել Շահրամանյանի մյուս առաջարկների հետ չհամաձայնելով՝ ադրբեջանական կողմը պնդել է, որ իրենց պահանջները պետք է կատարվեն, պարզապես պետք է ստորագրել Արցախի Հանրապետությունը լուծարելու հայտարարությունը, եւ այդ դեպքում կրակը կդադարի, ու արցախցիները անվտանգ կապրեն իրենց տներում:
Շահրամանյանը բավարարել է առաջարկը ուժի սպառնալիքի տակ, փոխհամաձայնեցված տեքստը հանրայնացրել է, ինչի արդյունքում, իհարկե, կրակը դադարեց, բայց Արցախի Հանրապետությունը մի քանի օրվա ընթացքում ամբողջությամբ հայաթափվեց:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում