Նա միշտ եղել է տականք ու ստոր մարդ, նա անարժան է. ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ. Ստաս Նամինը՝ խորթ որդու մասին
Ռոք երաժիշտ, Парк Горького և Цветы ռոք խմբերի հիմնադիր Ստաս Նամինը (իսկական անունը՝ Անաստաս Միկոյան) SHOT թելեգրամյան ալիքին պատմել է, որ երկար տարիներ չի շփվել իր որդեգիր տղայի՝ Ռոմանի հետ, որը դաժանաբար սպանել է Նամինի հարազատ որդուն՝ Արտյոմ Միկոյանին, և իր տատիկին՝ Նամինի զոքանչին:
Ռոման Միկոյանը Նամինի նախկին կնոջ՝ Գալինայի առաջին ամուսնությունից ծնված որդին է:
«Ես և Գալինան բաժանված ենք ավելի քան 15 տարի։ Ռոմանը մի քանի անգամ անցել է սպանության կասկածանքով գործով, հակված է եղել մոլախաղերի և թմրանյութերի։ Ես երկար տարիներ չէի շփվում նրա մոր հետ, քանի որ կտրականապես հավանություն չէի տալիս նրա ապրելակերպին։ Արտյոմն իր ներհատուկ բարության շնորհիվ խղճաց իր մարգինալ խորթ եղբորը և չխզեց կապը նրա հետ», - մանրամասնել է հայազգի երաժիշտը։
Նամինը Gazeta.Ru-ին պատմել է, որ իր որդեգիր տղան «միշտ տականք է եղել» և որ ինքը նրան երբեք հարազատ չի համարել։
«Ես հենց նոր իմացա այս մասին, սա սարսափելի ողբերգություն է: Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա իմ նախկին կնոջ՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Նա միշտ եղել է տականք ու ստոր մարդ։ Ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ, քանի որ նա միշտ անարժան և ստոր է եղել։ Նա երբեք իմ ազգականը չի եղել»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մարզի Իստրայի շրջանի Կրյուկովո գյուղի տներից մեկում մահացած են գտել Парк Горького և Цветы ռոք խմբերի հիմնադիր Ստաս Նամինի 30-ամյա որդուն և 85-ամյա զոքանչին: Արտյոմ Միկոյանին և վերջինիս տատիկին գտել են դանակի բազմաթիվ վնասվածքներով։
Մարդասպանը բռնվել է տաք հետքերով. պարզվել է, որ նա Նամինի ավագ որդին է՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, որը բերման է ենթարկվել հարցաքննության։
Սպանված Արտյոմ Միկոյանը նկարիչ և կինոռեժիսոր էր, խորհրդային ամենաազդեցիկ պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծոռը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ստաս Նամինի ավագ որդին դաժանաբար սպանել է տատիկին և եղբորը, քանի որ նրանք իրեն խնդրում էին դադարեցնել թմրանյութեր օգտագործելը և տարբեր տհաճ իրավիճակների մեջ ընկելը: Երիտասարդը, իր պնդմամբ, չի դիմացել այս ամենին և դանակահարել է հարազատներին։ Այս մասին նա պատմել է հարցաքննության ժամանակ։
Նշվում է, որ երեկ Միկոյանը կրկին թմրանյութ է օգտագործել և դրանց ազդեցության տակ սպանել հարազատներին։
Ռոման Միկոյանը Ստաս Նամինի որդեգրած որդին է։ Նամինը նրա մոր ՝ Գալինայի հետ ամուսնացել է, երբ տղան մեկ տարեկան էր։