Այս 4 տղաների մարմինների առաջ կանգնել՝ պատիվ եմ առել, 4 հոգով մինչև վերջ կռվել են մեր մի քանի տասնյակի հասնող զորքի դեմ․ ադրբեջանցի հրամանատար
Գյուղատնտես Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի պատմություն եմ գրում, ինձ համար մեկ է՝ ով կհավատա, ով՝ ոչ, պատմել է զինվորական ընկերներիցս մեկը և հուսով եմ՝ որոշ ժամանակ անց էս պատմությունները ականատեսների միջոցով հատ-հատ գրի կառնվեն և ըստ արժանվույն կգնահատվեն նման տղերքը, ցավոք արդեն հետմահու:
Սեպտեմբերի 13-ի մարտական գործողությունների ժամանակ, երբ հրադադար է լինում և արդեն դիակների փոխանակում պետք է անեն, ադրբեջանցի հրամանատարներից մեկը մոտենում է մեր կողմի ներկայացուցչին, չորս զինվորի մարմին է ցույց տալիս, ասում է՝ «այս տղաների ինքնությունը պարզելուց հետո, ըստ արժանվույն հարգանքի տուրք կմատուցեք, չորս հոգով մինչև վերջ կռվել են մեր մի քանի տասնյակի հասնող զորքի դեմ, մեր կողմը տեսնելով, որ չի կարողանում վերցնել հենակետը, հրետանային ու ԱԹՍ հնարավոր բոլոր միջոցները կիրառել են իրենց ուղղությամբ։ Երբ բարձրացանք դիրք ու տեսանք ընդամենը չորս հոգի են, ուղղակի չէինք հավատում, որ նման բան հնարավոր է։ Անձամբ ես իրենց մարմինների առջև կանգնել, պատվի եմ առել և իմ անձնական զենքից չորս փամփուշտ եմ հանել դրել իրենց կրծքին (իրականում չգիտեմ ինչու են այդպես անում)։
Սարսափելին այն է, որ մինչև հիմա մեր կողմը նույնիսկ 200-ից ավել նահատակների համար նույնիսկ սգո օր չհայտարարեց։
Այս պատմությունները պարտադիր պիտի գրի առնվեն»: