ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ դիերի վրա առկա են խոշտանգումների և անդամախեղումների նշաններ, կան կանայք, երեխաներ
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայից հետո հայտնաբերված և Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչների դիակներին առկա են խոշտանգումների և անդամախեղումների նշաններ։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Վատ վերաբերմունքի բոլոր ձևերին, դեպքերին, խոշտանգումներին վերաբերող ՄԻՊ-ի նախնական զեկույցը՝ որպես հիմնական ապացույց օգտագործվել է Հաագայի դատարանում ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի կողմից, և հիմնական արձանագրումները հետևյալն են. կան ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ, և սա վկայում է, որ այս անձինք, բնականաբար, ենթարկվել են իմ կողմից հիշատակված վերաբերմունքի կոնկրետ տեսակներին, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք:
Սա շատ կարևոր արձանագրում է, որը ՄԻՊ-ը ոչ միայն պարզապես բանավոր է իրականացրել, այլև անգլերեն հրապարակված զեկույցն ուղարկվել է բոլոր գործընկերներին, նաև ներկայացվել է Հաագայի դատարանում՝ որպես հիմնական ապացույց»,- ասաց Անահիտ Մանասյանը:
ՄԻՊ-ն նաև անդրադարձավ Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավար անձանց։
«Իմ արձանագրումը հետևյալն է, որը ես միջազգային գործընկերներին եմ ներկայացնում. էթնիկ հայերի իրավունքների սահմանափակումը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների ակնհայտ խախտումներով. առաջին հերթին անմեղության կանխավարկածի սկզբունքը բոլոր մակարդակներում Ադրբեջանում խախտվում է այս անձանց նկատմամբ, որովհետև ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործի՝ թե՛ պետական մակարդակում, թե՛ կոնկրետ քաղաքացիների կողմից:
Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ արդար դատաքննության իրավունքի կարևոր տարրերից մեկը, բացի անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումից, անկողմնակալ և արդար դատարանի կողմից գործի քննությունն է, որն այս պայմաններում անհնար է երաշխավորել՝ հաշվի առնելով նաև հայատյացության հովանավորվող քաղաքականությունը, որն իրականացվում է Ադրբեջանում»,- եզրափակեց Մանասյանը։