Հայր Քոչարյանն ամեն ինչ արեց, որ որդին դառնա պատգամավոր. բարով գա, ԱԺ-ում էլ թող զգա՝ ինչպիսի տրամադրություններ կան իր ընտանիքի իրացրած քաղաքականության շուրջ
«Ինքն այսօր հայտարարեց, որ դեռ մտորումների մեջ է՝ վերցնի մանդատը, թե ոչ, քանի մանդատը չի վերցրել և չի ներկայացել ըստ ընթացակարգի ինքը դեռ պատգամավոր չի, ինքը պետք է երդվի նոր դառնա պատգամավոր»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արձագանքելով հարցին, թե նոր պատգամավոր կա, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Հարցին, թե բովանդակային առումով պատրաստ են նրա հետ աշխատելու Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ բարի գալուստ Ազգային ժողով, եթե գալու է:
«Կարծում եմ Ազգային ժողովում ինքը կզգա, թե ինչպիսի տրամադրություններ կան իր և իր ընտանիքի կողմից իրացված քաղաքականության շուրջ, ոչ մայն մեր ժողովրդի մոտ այլ նաև Ազգային ժողովում: Բազմաթիվ հարցեր կհնչեն արդեն իր ներկայությամբ՝ իր ընտանիքին առնչվող, նաև այն հակակոռուպցիոն գործընթացներին, որը այսօր նաև հանրային քրեական վարույթ է իրականացվում նաև իրենց ընտանիքի հետ առնչվող ընկերությունների և չարաշահումների վերաբերյալ: Բարի գալուստ, պատրաստ ենք բնականաբար»,- ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը նաև նկատեց, որ հայր Քոչարյանը, ամեն ինչ արեց որպեսզի որդին կարողանա դառնալ պատգամավոր. «Եվ իր իշխանությունը «Հայաստան» խմբակցության վրա, պարզվեց բավականին ազդեցիկ էր: Ինքը կարողացավ երեք մանդատ վերցնողների համոզել, որպեսզի նրանք չվերցնեն մանդատը, որպեսզի 50 համարի վրա գրանցված իր զավակը վերցնի մանդատը և հայտնվի Ազգային ժողովում, ի՞նչ նպատակ է հետապնդում երևի ընտանիքը գիտի, կգա կտեսնենք»: