ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

10 դեկ 2023 21:04

Միթե այս երկու բառերը՝ «բարի»-ն և «բարև»-ը կապ ունեն իրար հետ

ԲԱՐԵՎ
Անկարելի բան աշխարհում չկա՜,
Եթե աշխարհում իշխում է բարին,
Որ մեր բերանում դարձել է
-Բարև…
(Պարույր Սևակ)
 
Բանաստեղծը պատահաբար չի ասում «բարին, որ մեր բերանում դարձել է բարև»: Մի՞թե այս երկու բառերը՝ «բարի»-ն և «բարև»-ը կապ ունեն իրար հետ: Եթե այո, ապա ինչպե՞ս: Պարզենք՝ ուշադրություն դարձնելով բառի ծագմանը:

«Բարև»-ը ծագում է «բարի» բառի գրաբարյան գործիական հոլովաձևից «բարեաւ»-ից (հնչում է «բարյավ», որ եթե վերածենք աշխարհաբար՝ նոր հայերեն, կլինի «բարով»): Սա նշանակում է նաև «ողջությամբ», «լավ» (5-րդ դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցին գրել է. «Ե՛րթ բարեաւ ի քո ընտանիս և յաշխարհն» - Բարո՜վ գնաս քո ընտանիքն ու քո երկիրը): Այսինքն կարող ենք ասել, որ բարևը մինչև ողջույնի բառ դառնալը շա՜տ վաղ ժամանակներում հնչել է որպես մաղթանք ու նշանակել «բարությամբ ապրես, գնաս, ընթանաս, անփորձանք լինես»: Նկատենք, ոսկեդարյան բնագրային նմուշի մեջ «բարեաւ»-ը գործածվել է հրաժեշտի ժամանակ:
«Բարև»: Ո՞ւմ և ե՞րբ ենք ասում այս կախարդական բառը:

Հայերս ավանդաբար կարճ ասում ենք «բարև», երբ հանդիպում ենք հասակակցի, բարեկամի, մտերիմի: Ասում ենք օրվա բոլոր ժամերին, տարբեր իրադրություններում: Հայերեն ողջույնի մեկ բառն է` ԲԱՐԵՎ-ը:
Իհարկե, չպիտի մոռանանք, որ «բարև»-ը գործածում են նաև ծանոթանալիս կամ էլ որպես խոսակցություն սկսելու միջոց: Այն բարեկիրթ խոսքի կարևոր բաղադրիչ է, որ կարող է անգամ փակ դռներ բանալ: 

Մշակութաբան Արմինե Գրիգորյանը բարևի մասին ասաց. «Հայաստանի քաղաքներում փողոցով անցնող կամ զբոսայգիներում քայլող անծանոթներին որպես կանոն չեն բարևում: Իսկ գյուղերում այդպես չէ. Անգամ մթության մեջ անցնողին բարև են տալիս: Բարևող գյուղացին համոզված է, որ խավարում քայլողը պատահաբար չի հայտնվել իրենց գյուղում, ծանոթ, նույնիսկ բարեկամ կարող է լինել: Մարդը հրաշալի գիտի հայերեն այս լավ խոսքը՝ «Բարևն Աստծունն է... »:
Հետաքրքիր է, որ «բարև»-ի պատասխանի մեջ էլ ժողովուրդը հաճախ Աստծու անունն է տալիս.
-Բարև, սպիտակմորուս փահլևաններ:
-Աստծո՛ւ բարին, կանա՛չ կտրիճ... (Նաիրի Զարյան, «Սասնա Դավիթ»)
Կամ էլ այսպես՝ երկուսը միասին. «Բարև, Աստծու բարին»:

Բարևին չպատասխանելն անբարեկրթություն է կամ էլ բարևողի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի դրսևորում: Դա համարյա նույնն է, որ մարդը չի բռնում ողջունելու համար իրեն պարզված ձեռքը:
Խոսակցական լեզվում բարևին հաճախ «շռայլորեն» պատասխանում են «հազար բարև» կամ էլ «բարև, հազար բարև»: Սա պատասխանական բանաձև է:
Իսկ «բարև» բառի հոգնակին «բարևներ»-ը, և «շատ բարև»-ը սովորաբար փոխանցում են ուրիշների միջոցով (թեպետ դրանք գործածում են նաև որպես բարևին տրված «ճոխ» պատասխան): «Բարևներ»-ը և «շատ բարև»-ը, որ գործածում են «անել, ուղարկել, հաղորդել, հղել» բայերի հետ (կամ առանց դրանց), թե՛ ողջույն են, թե՛ ուշադրության ու ջերմ վերաբերմունքի դրսևորում և թե՛ բարեմաղթություն:

-Բարևներ գրիր,- վերջապես բառեր գտավ նկարիչը,- թող առողջ վերադառնա, թե չէ այսքան ծաղիկները ո՞ւմ են մնալու: (Վարդգես Պետրոսյան)
Անցնենք պաշտոնական ոճին: Երբ որևէ գրասենյակ, աշխատավայր ենք մտնում, անծանոթ կամ պատկառելի մարդու դիմում, հարգանքի հոգնակիով ասում ենք՝ «բարև Ձեզ» (գրավոր խոսքում Ձեզ-ը մեծատառ գրելով): Ծանոթներին, որոնց հետ ընդհանրապես քաղաքավարական հոգնակիով ենք հաղորդակցվում, բնականաբար, կրկին բարևում ենք «բարև Ձեզ» ասելով:
Հարգական «բարև Ձեզ»-ն ասում են տարիքով կամ պաշտոնով բարձր ծանոթ մարդուն, որ հաճախ պատասխանում է «բարև»-ով (ու մարդիկ սովորաբար չեն նեղանում):
-Բարև Ձեզ, ընկեր Գարեգին,- ասաց ու պատիվ բռնեց.
-Բարև,- պատասխանեցի ես: (Գարեգին Բես)
Կրթական ինչ մակարդակ, լեզվական ինչպիսի պատրաստություն ունեն, ըստ այդմ էլ կարող են լինել ողջույնի խոսքերը և պատասխանի համարժեքությունը:
Ակնհայտ է, որ «բարով»-ը ժողովրդական է, մտերմական երանգավորում ունի:
Ասացինք, որ մարդիկ իրար բարևում կամ ողջունում են հանդիպելիս կամ ծանոթանալիս: Այդ նույն բանն անում են նաև հեռախոսազրույցների ժամանակ: Գրեթե նույն կանոններն են գործում, ինչ որ կյանքի մյուս իրադրություններում, այսինքն զանգահարելուց հետո հարկավոր է բարևել. Անծանոթներին հարգանքի հոգնակիով, մտերիմներին, բարեկամներին մտերմաբար, այսինքն եզակի թվով:
«Բարով»-ը (ինչպես հին հայերեն «բարեաւ»-ը) որպես ողջույնի միջոց առաջացել է «բարի» բառի գործիական հոլովաձևի քարացումից. Ինչպես գրաբարում, այնպես էլ ժողովրդական խոսքում հայերեն նույն լեզվամտածողությունն է գործում: Ահա այսպես են իրար կապվում դարերը, հայության տարբեր սերունդները, լեզվի տարբեր գոյավիճակները: 

Այս «բարով»-ը տեսնում ենք նաև ժողովրդական մաղթանքային մի շարք արտահայտությունների մեջ` «բարով գնաս, բարով գաս» (ասում են հրաժեշտ տալիս), «բարով մաշես» (ասում են նոր հագուստ հագած մարդուն), «բարով վայելես» (ասում են, նոր բան, օրինակ՝ բնակարան ձեռք բերած մարդուն):
Երբեմն «բարև»-ին «ընկերակցում է» ողջույնի մի արտահայտություն, որ գրական խոսքում գործածում ենք որևէ տեղից վերադարձողի բարևին պատասխանելիս: Դա «բարի գալուստ»-ն է:
Հարց կարող է ծագել. մենք միայն մարդկա՞նց ենք բարև ասում: Իհարկե ո՛չ: 
Ահա հայտնի երգի բառերը.
«Բարև, արդա՛ր արև,
Բարև, երկի՛ր...»։

Հոգևոր աշխահում բարևելը մի փոքր տարբերվում է։ Օրինակ, երբ տեսնում ենք հոգևորականների թեթևակի խոնարհվում և օրհնություն ենք խնդրում իրենցից, իսկ աշխարհիկ կյանքում դա այդքան էլ այդպես չի լինում։ 

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հոգևոր սպասավոր Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը մեր հետ զրույցում, ասաց, որ այսօր հանրությունը կամաց-կամաց կարողանում է ճիշտ ձևով ողջունել հոգևոր սպասավորներին.
-Արդի աշխարհում պետք է տարբերել ամեն բան իրարից, եթե պետք է դպրոցում ուսուցիչը ներս մտնելուն պես ոտքի կանգնել, ապա հոգևորականներին տեսնելիս պետք է նույն կերպ վարվել՝ ողջունել այնպես, ինչպես կարգն է: Իմ շրջապատում արդեն նկատելի է այն, որ կարողանում են ճիշտ ձևով բարևել, դա շատ կարևոր է:  

Հոգևորականներին բարևելու այլ ձևերն են՝ 

Կաթողիկոսին դիմում ենք հետևյալ կերպ՝ Աստված օգնական, Վեհափա՛ռ Տեր
Պատրիարքին՝ Աստված օգնական, Պատրիա՛րք Տեր
Արքեպիսկոպոսին՝ Աստված օգնական, Սրբազա՛ն Հայր
Եպիսկոպոսին՝ Աստված օգնական, Սրբազա՛ն Հայր
Վարդապետին, աբեղային՝ Աստված օգնական, Հա՛յր Սուրբ
Քահանային՝ Օրհնեցե՛ք, Տեր Հայր

Արդի աշխարհում բարև֊ը մնացել է բոլորին հարազատ բառ, որովհետև ծանոթ-անծանոթ, ընկեր-բարեկամ, մոտիկ-հեռու իրար հանդիպելիս առաջին քայլը, որ անում են՝ դա բարևելն է լինում միմյանց։ Եվ իհարկե կարող ենք ենթադրել, որ ճիշտ բարևելը կդառնա հաջողության հասնելու բանաձև:
Լիա Սարգսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր