«Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ-ի շենք, բենզինը լցրել իր վրա և սպառնացել, որ իրեն կհրկիզի

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը:
Պարզվել է, որ Երևանի բնակիչ 48-ամյա Ալիկ Դ.-ն մտել է ԴԱՀԿ շենք, իր վրա բենզին է լցրել ու պահանջել, որ եթե ԴԱՀԿ աշխատակիցները իր հարցերին լուծում չտան, ապա ինքն իրեն կհրկիզի: Տևական ժամանակ ԴԱՀԿ աշխատակիցները նրա հետ բանակցություններ են վարել և նա հրաժարվել է այդ քայլին դիմելուց:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Ալիկ Դ.-ն հայտնել է, որ ինքը աշխատում է «Երևանի սիթի» ընկերությունում: