Հրեշտակները որպես պահապաններ պաշտպանում են մարդկանց ամեն տեսակ չարիքներից, իսկ աղոթքներն ու խնդրանքները հասցնում առ Աստված
Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում աշնանը նշվում է Սուրբ Հրեշտակապետերի տոնը։ Տոնի խորհուրդը աստվածային արարչության առաջին արարածների՝ հրեշտակների հիշատակությունն է։ Հրեշտակները այլ կերպ երկնային զորքեր են կոչվում ու համաձայն եկեղեցու այրերի մեկնության՝ ստեղծվել են լույսի հետ, երբ Աստված ասաց՝ «Թող լույս լինի», ստեղծվեցին նաև հրեշտակներն ու հրեշտակապետերը՝ որպես Աստծո օգնականներ և սպասավորներ։
Ըստ Եկեղեցու հայրերի՝ նրանք լուսեղեն, անմարմին ու անմահ հոգիներ են, որոնք սպասավորում են Աստծուն։ Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հրեշտակ բառը նշանակում է պատգամաբեր։
Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի աշխատակից Գևորգ սարկավագ Կարապետյանն ասում է, որ երբ արդեն մարդիկ ստեղծվեցին, հրեշտակները որպես պահապաններ տրվեցին նաև մարդկանց, որպեսզի նրանց պաշտպանեն ամեն տեսակ չարիքներից, աղոթքներն ու խնդրանքներն էլ վեր առաքեն առ Աստված։
Այն հարցին, թե հրեշտակները, ինչպես են օգնում կամ պաշտպանում մարդուն, Գևորգ սարկավագն ասաց․
-Հրեշտակների պաշտպանությունը կամ օգնությունը մարդուն կատարվում է մարդու աղոթքները դեպի վեր բարձրացնելու և Աստծո պատգամները վար իջեցնելու շնորհիվ, այսինքն հրեշտակներն, ինչ-որ առումով, միջնորդ են մարդու եւ Աստծու մեջ։ Եթե հիշենք Հիսուս Քրիստոսի ծննդյան դրվագը, այնտեղ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամ Աստվածածնին երևաց, Աստծո պատգամը փոխանցեց նրան ասելով, որ պետք է հղիանա և մեկ զավակ ունենա, որն էլ աշխարհի Փփրկիչը կլինի։ Սուրբ Մարիամն էլ պատասխանեց, որ համաձայն է ու Տիրոջ աղախինն է։ Ու կարծես հրեշտակին պատասխանելով՝ նա Աստծուն պատասխանեց, որովհետև հրեշտակը Աստծո մոտ բարձրացրեց սրբուհու պատասխանը։ Այս կերպ են հրեշտակները մեզ օգնում հաղորդակցվել երկնային ոլորտի հետ։
-Ի՞նչ կա հրեշտակների մեջ, որ մենք կարող ենք ուսանել, սովորել։
-Երբ արարչագործության ժամանակ հրեշտակներն արարվեցին, ի տարբերություն մարդու՝ հրեշտակներն իրենց ազատ կամքով ընտրեցին բարին և նրանցից վերցվեց այլընտրանքը՝ այսինքն չարը ընտրելու հնարավորությունը։ Այս օրինակով մենք՝ մարդիկս, որ ունենք ազատ կամք, բարին կամ չարը ընտրելու հնարավորություն, հենց հրեշտակներից սովորելու կարիք ունենք, որոնք ընտրել են բարին։ Մենք հրեշտակների օրինակով պետք է ամեն հարցում, ամեն դժվարությունների բախվելիս ընտրենք այն ճանապարհը, որը բարի է, Աստծո կամքը կատարենք, ինչպես հրեշտակները, Աստծո սպասավորները լինելով, կատարում են Աստծո կամքը։
Գևորգ սարկավագը նաև պատմեց, թե մկրտության ժամանակ ինչպես է մարդը պահապան հրեշտակ ստանում։
-Այն, որ մկրտության ժամանակ մարդը պահապան հրեշտակ է ստանում, եկեղեցական ավանդություն է և հիմնավորվում է նրանով, որ մարդը մկրտությամբ աստվածային դրոշմ ու պահպանություն է ստանում և այդ պահպանություններն իրականացնողներն էլ երկնային աննյութեղեն էակներն են։
Մանե Կարապետյան