Երևանում բռնության է ենթարկվել շտապօգնության բժիշկը, նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ

«Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41 ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։
Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը' նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։
Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ' նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։
Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»։
Խնդրին անդրադարձլ է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։ Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական»։