Չհետաձգել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե Ուկրաինան պարտվի, «մեծ ճգնաժամ կլինի ամբողջ Եվրոպայի համար»
Ամբողջ աշխարհում չկան ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի ռեսուրսներ, որոնք բավարար են Ուկրաինային` Ռուսաստանի հետ ռազմական առճակատմանը դիմակայելու համար։ Այս մասին Դավոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր աշխարհում չկա արտադրության բավարար ծավալ, ինչպիսին հրետանին է, որը բավարար է ուկրաինական բանակի համար ռուսական բանակի հետ պատերազմին դիմակայելու համար»,- ասել է Զելենսկին։
Որպես օրինակ նա բերել է 155 մմ տրամաչափի արկերի արտադրությունը։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ամբողջ աշխարհի ռազմարդյունաբերական համալիրը չի կարող արտադրել նման զինամթերքի՝ Ուկրաինայի համար անհրաժեշտ քանակությունը։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Զելենսկին կոչ է արել արևմտյան երկրներին «փորձարկումներ չանել» և չհետաձգել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
Նա ընդգծել է, որ ռազմական մատակարարումները կարևոր են ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի քաղաքացիների անվտանգության համար։ Նրա խոսքով՝ եթե Ուկրաինան պարտվի, «մեծ ճգնաժամ կլինի ամբողջ Եվրոպայի համար»։