Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

22 հուն 2024 19:19

Նախիջեւանի հարցի բարձրացումը կարող է զսպել ագրեսորի ախորժակը

Նախիջեւանի հարցի բարձրացումը կարող է զսպել ագրեսորի ախորժակը Այն կանխատեսումները, թե Ադրբեջանն այս տարի կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ, բացի քարոզչական աստառից, կարող են, այո, որպես տեսակետ առարկայական լինել, սակայն շատ գործոններ այդ կանխատեսումների օգտին չեն: Դա չի նշանակում, որ մեր զինված ուժերը չպետք է լինեն թիվ մեկ պատրաստականության հրահանգի տիրույթում, որը շատերս չենք տեսնում, չնայած իշխանավորներն ասում են, որ դրա համար ջանում են: Տեսանելի մակարդակում հենց միայն պաշտպանության նախարարի քաղաքացիական անձ լինելը կազմալուծող ազդեցություն է գործում, իսկ բանակում վերջին մահերը կազմակերպական թերությունների մասին են խոսում:
 
Բայց դառնանք այն գործոններին, որոնք Ադրբեջանի ձեռքերը կկապեն՝ ագրեսիվ հռետորաբանությունից անցնելու ագրեսիվ գործողությունների: Ադրբեջանում արդեն փետրվարի սկզբին ընտրություններ են, Ալիեւի՝ արտահերթ ընտրություններ նշանակելու շտապողականությունն անգամ հուշում է, որ չնայած հռետորաբանությանը, նա բոլորովին էլ վստահ չէ, որ պատերազմ սանձազերծելիս՝ այս անգամ էլ կհաղթի ու կմարսի՝ չունենալով Արցախի պատերազմի ժամանակ այլ երկրների աջակցությունը, նվազագույնը՝ լուռ համաձայնությունը: Ինչքան ուզում է անիմաստ Ջերմուկ ու Երեւան զառանցի: Նախ տարածաշրջանում խառնակ վիճակ է, նրա դաշնակիցների գլուխն է խառը, իսկ միայնակ Ալիեւը քանի՞ գլուխ ունի՝ ինչ-որ բան նախաձեռնելու: Հետո Ադրբեջանի ներսում աճում է դժգոհությունը սոցիալական վիճակից եւ անարդարություններից, ընդ որում՝ դժգոհության մեծ ալիքը կա նաեւ նրանից, որ օկուպացված Արցախի ողջ հարստության վրա ձեռքը դրել է միայն Ալիեւի ընտանիքն՝ իր շոշափուկներով: Ամոթ մեզ՝ Արցախն Ալիեւի ընտանիքին նվեր ենք տվել:
 
Անգամ այն պարագայում, երբ Եվրոմիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը վայր դնի մանդատը` Եվրախորհրդարանի մանդատի համար ընտրությունների մասնակցելու համար, եւ նախագահությունն անցնի Ադրբեջանի դաշնակից Հունգարիային (այս տարվա երկրորդ կեսին):
 
Երկրորդ՝ Եվրոպական խորհրդարանում հունիսին ընտրություններ են, Եվրոպական երկրներից մի քանիսում, ԱՄՆ-ում եւս, ձեզ ի՞նչ է թվում, որ այդ խառնակ վիճակից կարող է օգտվել Ալիե՞ւը: Դա նրան չի թույլատրի առաջինը Թուրքիան, քանի որ նա մինչեւ ուղնուծուծը թաթախված է պաղեստինաիսրայելական հակամարտության մեջ եւ նոր գլխացավանքի համար ռեսուրս չունի /առանց Թուրքիայի Ալիեւը, վստահ եղեք, Հայաստանից արժանի հակահարված կստանա/: Իրականում ամեն ինչ ավելի մեծ խաղացողներն են որոշելու՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եթե չլինեին նրանց գաղտնի որոշումները, վստահ եղեք, որ Արցախն այժմ գոյություն կունենար:
 
Ռուսաստանում եւս նախագահական ընտրություններով եւ Ուկրաինայի հետ պատերազմով են զբաղված, նրան հայ-ադրբեջանական բախումն այս պահին լրացուցիչ մեծ հոգս կպատճառի: Իրանը մկաններն է ցույց տալիս՝ հարվածելով իր երկրում պայթյուններ իրագործած ահաբեկչական կառույցներին Էրբիլում եւ Պակիստանում, սա երկաստառ ազդակ է՝ մեկով զսպում է Իրանի տարածքի տարբեր կտորներին ախորժակով նայողներին, այդ թվում՝ Ադրբեջանին, մյուս կողմից հրթիռակոծության վտանգը մոտեցնում է մեր սահմաններին: Եթե վերջապես Իրանին ներքաշեն ավելի լայնածավալ պատերազմի մեջ՝ այդ դեպքում, իրոք, մեր երկիրը բազմակողմ վտանգի կենթարկվի, եւ վերը նշված բոլոր արգումենտները կզրոյանան՝ ամեն ինչ կխառնվի, ու Աստված գիտե՝ էլ ինչ վտանգներ կկախվեն նաեւ մեր գլխին:
 
Համարժե՞ք է մեր քաղաքական դաշտն այս բոլորին
 
Նոր տարուց հետո հարեւան երկրի ղեկավարի բառապաշարն ավելի ագրեսիվ է դարձել՝ նախընտրական կատաղություն է, նա արդեն ինքն իրեն էլ զսպել չի կարողանում իր զառանցանքների մեջ՝ արդեն երեւակայորեն հասնելով անգամ Ջերմուկ ու Երեւան: Եթե նկատի ունենանք ավելի վեր մեր վերլուծությունը՝ կարելի էր մտածել, որ փետրվարի սկզբին Ադրբեջանում տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունները մթագնել են նրա գիտակցությունը, ու նա անգամ պատրաստ է իր ընտրողին երկնքից աստղեր էլ խոստանալ: Բայց տեսնելով հայկական կողմից ալիեւյան հոխորտանքներին հնչող պատասխանների բովանդակությունը, այնուամենայնիվ, նկատում ենք, որ իշխանության մակարդակով նրա սպառնալիքները լուրջ են ընդունում, չնայած Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի պատասխաներն այդ հոխորտանքներին զգուշավոր եւ գնահատողական են: Փաշինյանն ասում է, թե Ալիեւի հռետորաբանությունը խաղաղության գործընթացները վտանգի տակ են դնում (դրանք լրջագույն հարված են, ըստ նրա, խաղաղության գործընթացին), եւ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ գեներացնելն անընդունելի է: Սիմոնյանն ասում է, թե դրանք հայելային են, բա որ մեր կողմից ասում էին՝ Նախիջեւանը մերն է, Բաքվում թեյ ենք խմելու, այդ հռետորաբանությանն է պատասխանում Ալիեւը: Ալեն Սիմոնյանը եթե պատմություն լավ ուսումնասիրած լիներ, կիմանար, որ, այո, Նախիջեւանը երրբեք չի եղել ադրբեջանական, այլ Ադրբեջանը նվեր է ստացել այդ հայկական տարածքը մի հարյուր տարով՝ որպես պրոտեկտորատ, այդ նվերի ձեւակերպման ակտի ժամկետը լրացել է, եւ միջազգային իրավունքի առումով միշտ էլ հայկական կողմը կարող է Նախիջեւանի հարցը բարձրացնել. եթե նույնիսկ տարածքային հավակնություն չունենա Հայաստանը, գոնե Նախիջեւանի հարցի բարձրացումը կարող է զսպել ագրեսորի ախորժակը եւ մեկնարկային տանելի դիրք ապահովել հայերի համար: Թե չէ՝ գողը տարել է ունեցվածքդ, իսկ դու վախենալով ծեծ ուտելուց՝ մի բառ չես ասում, գողոնը հետ չես ուզում, սա տարբերակ չէ:
 
Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի կիսապատասխաններից էլ հասկանալի է դառնում, որ խաղաղության մասին անգամ խոսույթն այլեւս ակտուալ չէ, քանի որ ոչ մի բան չի նպաստում դրան: Ասողը Ռուսաստանը, ԱՄՆ-ն են, մասամբ՝ Եվրոպան, մինչեւ այդ երկրներում ընտրությունները չավարտվեն, խոսակցությունները խաղաղության մասին մեր տարածաշրջանում ուղղակի հերթապահ բնույթ են կրելու: Չնայած որ հայ-ադրբեջանական պատերազմ են կանխատեսում բոլոր միջազգային փորձագիտական կենտրոնները, նաեւ՝ ագրեսիա ենթադրող ազդակներ են միջազգային ատյանների՝ Հայաստանի սահմանների խախտումից զերծ մնալու զգուշացումներն Ադրբեջանին: Բայց պետք է խորանալ միջազգային ամեն կոչի ու բանաձեւի շարժառիթի առումով, որովհետեւ ամեն մեկն իր շահն է սպասարկում, կամ ինչ-որ բան հրահրում նաեւ կոչերով ու բանաձեւերով: Պատերազմ է կանխատեսում անգամ արցախցի պատգամավոր, Հայաստանի իշխանությանը մոտ կանգնած Հայկ Խանումյանը՝ Հայաստանի համար էլ նույն Արցախին պատուհասած վտանգները տեսնելով:
 
Ենթադրենք պատերազմի սպառնալիքը մոտ եւ իրական է, Ադրբեջանին իրոք պետք է Սյունիքի միջանցքը գործնականում, ու ոչ թե քաղաքական հարթության մեջ, եւ դրա մասին խոսելը իր երկրի ներսում քաղաքական դիվիդենտներ շահելու եղանակներից չէ:
 
Այդ դեպքում ինչու այս իրավիճակում նույնիսկ պատերազմի արհավիրքը, նրա անկանխատեսելի ծավալները տեսած մեր երկրի կառույցները, քաղաքական ուժերը ոչինչ չեն փոխում իրենց վարվելակերպում, հռետորաբանության եւ անելիքների մեջ: Բոլորը ձեւ են անում, թե սովորական կյանքով հանգիստ կարելի է շարունակել ապրել՝ իշխանությունն իր շոուների հետեւից է ընկած, նորանոր օրենքներ է մոգոնում՝ հազար ու մի տուգանք սահմանելով ու փող քերելով հասարակ մարդկանցից, ընդհուպ մինչեւ 27 տարեկանը բանակում չծառայածներից ցայժմ չտեսնված չափի աստղաբաշխական գումարների մուծում նախատեսող օրենք ընդունելով եւ փակելով արտերկրում մի կերպ գոյատեւողների վերադարձի ճանապարհը սեփական հայրենիք: Ընդդիմությունն իր միակ գործը համարում է ամենասուր, ամենաունիկալ, ամենաթարմ բնորոշումներով իշխանության շշպռումը, եւ միայն: Կամ բոլորով գլխովին խրվում են վաստակավոր եւ ժողովրդական կոչումները վերացնելու օրենքի քննարկման մեջ այն աստիճան, կարծես այդ օրենքի ընդունում-չընդունումով պետք է հաղթենք թշնամուն (բայց զավեշտ է, իրոք, արդարադատության փոխնախարարուհին չի ճանաչում Վլադիլեն Բալյանին, Փարավոն Միրզոյանին, Գեղունի Չթչյանին ու Նիկոլայ Ծատուրյանին, այդպիսի փոխնախարարուհին, իրոք, մարտահրավեր է երկրի համար):
 
Այս բոլորն ակամա հիշեցնում է երեք ժամանակաշրջան. մինչեւ պատերազմի ժամանակը, երբ նույնիսկ սեպտեմբերի 27-ին նախորդող օրերին, երբ պատերազմի վտանգն ակտուալ եւ ռեալ էր, էլի իշխանություն-ընդդիմություն դուելներ էին բեմադրվում խորհրդարանում եւ նրանից դուրս, փոխանակ վտանգի մասին առարկայորեն մտահոգվելու, բանակը կազմակերպելու: Նույն բանն էր տեղի ունենում Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հանձնման օրերին, ապա եւ՝ Արցախի հանձնման նախօրեին: Եւ հիմա էլ նույնն է:
 
Այն ժամանակ էլ, հիմա էլ հայ հանրությունը ինձ հիշեցնում էր եւ է, իմունիտետը կորցրած հիվանդ, որին այլեւս ոչ մի դեղ լիարժեք չի կարող օգնել:
 
Ենթադրենք սխալվում եմ իմ կանխատեսումներում, եւ Ալիեւի հռետորաբանությանն, իրոք, կարող է նոր պատերազմը հետեւել, բայց ախր հիմա էլ նույն վիճակը կրկնվում է. եթե Ալիեւը կորցնի իրականության զգացումը, մենք նորից զբաղված ենք լինելու իրար միս ուտելով եւ անպատրաստ՝ նոր պատերազմին, այդպես է երեւում: Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցրի՝ ինչո՞ւ ընդդիմությունը իրավիճակի վերաբերյալ առաջարկների փաթեթ չի ձեւավորում, որտեղ ակնառու կնկարագրվեն այս պահին մեր պետության անելիք քայլերը, դա պիտի լինի իշխանության խաղաղության օրակարգի այլընտրանքը, որպեսզի հանրությունը տեսնի՝ ինչ տարբերություն կա իշխանության խաղաղության օրակարգի եւ ընդդիմության տեսլականում: Օհանյանը պատասխանեց, թե իշխանություն պիտի լինել, որ լծակներ ունենաս՝ տիրապետելու ողջ տեղեկատվությանն ու հնարավորություններին: Առանց դրա քայլերի հաջորդականության փաթեթ չի ստացվի: Ահա՛ թե ինչ: Իսկ հանրությունն էլ միայն իշխանությանը պաթոսով մեղադրելու համար ոչ մեկին այլեւս իշխանության չի բերի, անգամ այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունն է շատ հարցերում պոպուլիստորեն խաբել ու հուսախաբ արել ընտրողին:
 
Այսինքն՝ ներկա ընդդիմությունը, այլընտրանք չառաջարկելով ոչ մի բանում, միայն քննադատելով իշխանությանը, իր անճարակությամբ կամա-ակամա իշխանության դաշտում է խաղում, առաջին անգամ չէ, որ ասում ենք այդ մասին, մարդիկ էլ, ովքեր փոփոխությունների մղում ունեին, հիասթափվում են բոլորից: Ու սա նախ երկիրը պաշտպանելու մասով ենք ասում: Խաղաղության օրակարգը գնալով անիրատեսական է դառնում, բայց ոչ այլ առաջարկ կա, ոչ էլ ձեւավորվում է, կա անվերջ ծամծվող քննադատական խոսույթ՝ նույն դեմքերով, նույն բառապաշարով, եւ միայն:
 
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր