Իսկ ինչո՞ւ ադրբեջանցուն մի քանի ժամվա ընթացքում փոխանցեցին Բաքվին
Ադրբեջանցի հետախուզվողի համար ՌԴ-ից հարցում ստացել ու նույն օրը պատասխանել ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Հարցին՝ ինչու ադրբեջանցուն մի քանի ժամվա ընթացքում փոխանցեցին Բաքվին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատասխանեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել․«Մենք մեր գործառույթները լրիվ իրավաչափ իրականացրել ենք։ Հարցում են արել, պատասխանել ենք և չենք ուշացրել»։
Նրա խոսքով՝ դա ընթացակարգ է և Հայաստանն ընթացակարգից չի շեղվել։
«Եթե իրենք հետախուզվողին բռնում են, մեզ հարցում են անում, մենք էլ պատասխանում ենք, թե իրականում նա մեր կողմից հետախուզվո՞ւմ է, թե՞ ոչ: Բոլոր անձնաց վերաբերյալ, որոնց նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, պարտավոր ենք այդ հարցմանը պատասխանել: Նույնն էլ իրենք են: Մենք նույն օրը ստացել ենք, անմիջապես էլ պատասխանել ենք։ Մենք նմանատիպ հետախուզվողներ էլի ունենք, որ բռնել են, բաց են թողել, երևի դուք էլ եք տեղյակ»,- նշեց Ղազարյանը։
Նա նաև հայտնեց, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասով ՌԴ-ից հարցում չեն ստացել: