Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան

Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա է հիշել ու նման գրառում արել, նա պատասխանեց. «Որովհետեւ եթե ես տեսնում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին զբաղված է ուրիշ խնդիրներով՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, կարող է կարծիք լինել, որ մնացած տեղերում էլ անելու բան չկա: Իսկ ես կարծում եմ, որ մնացած տեղերում նույնպես շատ անելու բաներ կան ու ավելի առաջնահերթ եկեղեցու տեսանկյունից, քան այն, ինչ արվում է»:
Թունյանը հավելեց, որ ինքը մեկ այլ գրառում էլ է արել, որ ցանկացած մարդ՝ անկախ մասնագիտությունից, իրավունք ունի կարծիք ունենալ, արտահայտել այդ կարծիքը եւ քայլեր ձեռնարկել այդ կարծիքը տեղ հասցնելու համար. «Բայց եթե իրենք ձեւավորում են փաստացի քաղաքական օրակարգ, ուրեմն պետք է պատրաստ լինեն, որ իրենց նաեւ քաղաքական բնույթի հարցեր էլ են տալու եւ քաղաքական բնույթի քննադատություններ էլ են լինելու:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ այս շարժումը քաղաքական չէ, ապա երբ նայում ենք խնդիրներին, որոնց մասին խոսվում է, խոսույթը, եւ այն մարդկանց, որոնք այդ շարժումը ուղեկցում են, այդտեղ քաղաքական գործիչներ են: Հիմա այսօր ժամը 4-ին հավաք է նախատեսված, եւ այդտեղ պարզ կլինի: Եթե առաջ է քաշվում իշխանափոխության պահանջ, ինչը բարձրաստիճան հոգեւորականների շուրթերով հնչել է մի քանի անգամ, դա ոչ այլ ինչ է, քան ուղիղ քաղաքականություն»,-ասաց նա: