Բերետավորները ստացել են հրահանգ՝ հայհոյել են կանանց, տղամարդկանց՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը
Ոստիկանության մի շարք բաժիններ այցելությունիցս պարզ դարձավ՝ բերման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը բերման ենթարկվելու ընթացքում և ավտոմեքենաների մեջ արժանացել է ակնհայտ ստորացուցիչ վերաբերմունքի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա նաեւ նշել է. «Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել՝ նպատակ ունենալով արդեն իսկ ազատությունից զրկված անձի արժանապատվությունը նվաստացնել։
Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը։
Դրանք ակնհայտ ստացել են հրահանգ՝ առանց օրենք պահպանելու պահպանել Նիկոլի աթոռը»։
Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 151 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:
Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը: