Շարժումը չի կարող մարել.Մենք գրկաբաց ընդունել ենք մարդկանց, սակայն այսօր կեղտոտ արշավ են սկսում
Շարժումը չի կարող մարել, այդ մասին երազողները երազախաբ են լինելու: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Շարժումն ի սկզբանե ունեցել է հստակ նպատակներ, ունի հստակ ծրագրեր: Այդ ծրագրերն իրենց արդիականությունը չեն կորցրել: Այն մարդիկ, որոնք երազում են կամ փորձում են թե ներսից, թե դրսից, ցեխ շպրտել շարժման վրա, փորձել տարբեր կերպ արատավորել շարժումը, փորձել իրենց չմասնակցությամբ վիժեցնել շարժումը, չի ստացվելու: Այս օրերին ես բազմիցս ականատես եմ եղել, որ թե իշխանական գրչակները, ներկայացուցիչները, թե մարդիկ, որոնք առաջին իսկ օրվանից եկել են Կիրանց եւ աջակցություն են հայտնել շարժմանը, հիմա փորձում են տարբեր կերպ իրենց կեղտոտ, նենգ ծրագրերով ու խոսույթով փորձել խոչնդոտ հանդիասանալ շարժմանը: Դա որեւէ մեկի մոտ չի ստացվելու: Մարդիկ պետք է կես ժամը մեկ կարծիք չփոխել, սկզբունքային լինել:
Այս պայքարը ոչ իրենք են սկսել, ոչ իրենք որեւէ կապ ունեն շարժման հետ: ՔՊ-ի հետ պարզ է ամեն ինչ, բայց այն մարդիկ, որոնք այս ամիսներին եկել են եւ մենք գրկաբաց ընդունել ենք այդ մարդկանց, եւ այսօր իմ նաեւ դիտարկմամբ, կեղտոտ արշավ են սկսում, դա ոչ բարոյական է, ոչ մարդկային է, ոչ քաղաքական է»,- հայտարարեց նա: