Հիմա մենք անցնելով պարտության միջով հնարավորություն ենք ստեղծել, որ երկիր մոլորակի վրա գոյություն ունենա Հայաստանի Հանրապետություն
Այն, ինչ մենք բոլորս համարել ենք եւ համարում ենք պարտություն, այդ ամենը մենք հաղթանակի վերածելու հնարավորություն ունենք: Այս մասին Կապանում ՔՊ նախաձեռնող նիստին իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա մենք բոլորս անցնելով պարտության միջով հնարավորություն ենք ստեղծել, որ երկիր մոլորակի վրա, շատ երկար ժամանակ` առաջիկա հարյուրամյակներում գոյություն ունենա Հայաստանի Հանրապետություն: Եւ մենք դեռ չենք հասկանում, թե սա ինչպիսի մեծ եւ ինչպիսի դարակազմիկ հաղթանակի հնարավորություն է մեզ համար, բայց մենք որպես կառավարող թիմ պետք է կարողանանք դա իրականացնել»,-ասաց նա:
Փաշինյանը նշում է, որ այս պետության լինելիությունը իրենց քաղաքական կամքն է, իրենց քաղաքական խելամտությունն ու խելացիությունը, իրադրությունը հասկանալու եւ դրանից բխող որոշումներ կայացնելու ունակությունը.«Էս գաղափարախոսությամբ մենք 2026 թվականին պետք է գնանք մեր ժողովրդի մոտ եւ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններով մենք պետք է եւս մեկ անգամ ստանանք ժողովրդի քվեն ոչ թե նրա համար, որ մենք կառչած ենք մեր աթոռներից, այլ նրա համար, որ կառչած ենք այս Հայաստանի Հանրապետությունից»,- ասել է նա: