ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»          Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 հուլ 2024 13:32

Թուրքիան կոնկրետ թիրախավորում է հայկական գրանցում ունեցող եւ հայկական ավիաընկերությունների համար աշխատող ինքնաթիռները. արգելել է ՀՀ-ի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով

Թուրքիան կոնկրետ թիրախավորում է հայկական գրանցում ունեցող եւ հայկական ավիաընկերությունների համար աշխատող ինքնաթիռները. արգելել է ՀՀ-ի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքովԹուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդանավերի ազատ տեղաշարժը: «Հետքը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտներին:
 
Մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելում է ՀՀ գրանցում ունեցող (Հայաստանի EK ազգային նիշը կրող) օդանավերի տարանցիկ (տրանզիտ) թռիչքներն իր երկնքով, փոխարենը չի խոչընդոտում, որ այդ նույն օդանավերը վայրէջք կատարեն իր տարածքում: 2020-ի հուլիսից մինչեւ 2022-ի մարտ Թուրքիայի օդով տարանցիկ թռիչքներ չէր կարողանում իրականացնել նաեւ ՀՀ կառավարական ինքնաթիռը:
 
Վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկող այս օդանավի առաջ թուրքական երկինքը կրկին փակվեց 2023 թ. մայիսին՝ այն բանից հետո, երբ Երեւանում բացվեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը: Դրա հետեւանքով Նիկոլ Փաշինյանը 2 անգամ Եվրոպա թռավ՝ շրջանցելով թուրքական օդը: Այդ ընթացքում նա հայտարարեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը տեղադրվել է ոչ թե ՀՀ կառավարության, այլ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, սակայն ինքն այդ որոշումն ու դրա իրականացումը սխալ է համարում:
 
2023-ի մայիսի 28-ին էլ Փաշինյանը շնորհավորեց Էրդողանին նախագահ վերընտրվելու առիթով: Այդքանից հետո՝ մայիսի 31-ին, նա կարողացավ Մոլդովա մեկնել Թուրքիայի երկնքով: Այսինքն՝ արգելքը ՀՀ պետական ինքնաթիռի համար հանվեց: Չնայած կառավարական բորտը ներկայում խնդիրների չի բախվում Թուրքիայի տարածք մտնելիս, ամեն ինչ հարաբերական է, քանի որ այդ երկիրը ցանկացած պահի, պայմանավորված քաղաքական եւ տնտեսական շահերով, կամայական խոչընդոտներ է ստեղծում Հայաստանին առնչվող թռիչքների համար: Ընդ որում՝ դա արգելվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայով, ըստ որի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ: Այսինքն՝ եթե ինչ-ինչ պատճառով կիրառվում է օդային տարածքի օգտագործման սահմանափակում կամ արգելք, ապա այն պետք է կիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ՝ անկախ դրանց ազգային պատկանելությունից:
 
Այնինչ Թուրքիան կոնկրետ թիրախավորում է հայկական գրանցում ունեցող եւ հայկական ավիաընկերությունների համար աշխատող ինքնաթիռները: Առիթ ունեցել ենք գրելու, որ մեր արեւմտյան հարեւանը խոչընդոտել է նաեւ այլ երկրներում գրանցված, բայց վարձակալության հիմունքներով հայկական ավիաընկերության համար աշխատող օդանավերի տարանցիկ թռիչքները իր երկնքով: Դրա ականատես ենք եղել թե՛ 2022, թե՛ 2023 թթ.: Համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակում, քանի որ, ինչպես ասվեց, չի կարող խտրական վերաբերմունք դրսեւորել կոնկրետ պետության օդանավերի նկատմամբ: Այդուհանդերձ, փաստացի հենց դա է տեղի ունենում արդեն 4 տարի:
 
Հերթական ապացույցը երեկ տեղի ունեցածն է: Բելգիայի Լիեժ քաղաքից Երեւան թռչող եթովպական «Ethiopian Airlines» ավիաընկերության «Boeing 777F» բեռնատար ինքնաթիռը (եթովպական գրանցումը՝ ET-APU), տարանցելով Գերմանիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի օդային տարածքները, մտել է Բուլղարիայի երկինք, որտեղից պետք է անցներ Թուրքիայի օդային տարածք, ապա ժամաներ Երեւան (թռիչքի համարը՝ ET 3584): Թռիչքներին առցանց հետեւող կայքերում, սակայն, կարելի է տեսնել, որ Բուլղարիայի երկնքում ինքնաթիռը մի քանի շրջապտույտ է կատարել ու, թուրքական կողմից մուտքի թույլտվություն չստանալով, շրջվել է հետ՝ դեպի Վիեննա, որտեղ միջանկյալ վայրէջք է կատարել, ապա վերադարձել է Լիեժ:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր