Հարիսը «սուր միտք» ունի և որ կարող է «դիմակայել մարտահրավերներին.Քամալա Հարիսն այս պահին վարկանիշով գերազանցում է Թրամփին
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն առաջ է անցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփից Reuters-ի և Ipsos-ի համատեղ ազգային հարցման արդյունքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հարիսին աջակցել է հարցվածների 44 տոկոսը, իսկ Թրամփին՝ 42-ը։ Հետազոտությունն անցկացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ հրաժարվում է վերընտրվելու համար պայքարից։
Հարցման մասնակիցների 56 տոկոսը համաձայնել է, որ 59-ամյա Հարիսը «սուր միտք» ունի և որ կարող է «դիմակայել մարտահրավերներին»։ Միայն 49 տոկոսն է այդպես կարծում 78-ամյա Թրամփի մասին։ 81-ամյա Բայդենի արդյունքը կազմել էր 22 տոկոս։ Նախորդ հարցումը, որն անցկացվել էր Բայդենի հայտարարությունից առաջ՝ հուլիսի 15-16-ը, Թրամփն ու Հարիսը հավաքել էին 44-ական տոկոս։ Իսկ հուլիսի սկզբին նախկին նախագահը նոյեմբերյան ընտրություններում իր պոտենցիալ մրցակցից առաջ էր մեկ տոկոսային կետով։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշման մասին և Դեմոկրատական կուսակցությանը առաջարկել երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունն առաջադրել։ Հարիսը համաձայնել էր պայքարել առաջադրման համար։