Իսկ ինչո՞ւ Տավուշում հետ չքաշվեցին ադրբեջանական զորքերը. Եթե Գեղարքունիքում սահմանազատում իրականացվի, ադրբեջանցիները մեր օկուպացրած տարածքները վերադարձնելու են
Սահմանազատման հետ կապված որեւէ գործընթաց չի իրականացվում Գեղարքունիքի մարզում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ես ավելի վաղ նշել եմ, որ եթե Գեղարքունիքում սահմանազատման պրոցեսները սկսվեն, իրենք 2021-2022 թվականների ընթացքում տարածքներ են օկուպացրել Գեղարքունիքի մարզից, այդ տարածքներից պետք է դուրս գան։ Եվ իմ վստահությունը նրանում է, որ սահմանազատումը նշանակում է, որ երկու երկրները ճանաչում են իրենց սահմանները։ Եվ այդ դեպքում իրենք հետ են վերադառնալու եւ մեր օկուպացրած տարածքները հետ են վերադարձնելու»,- ասաց մարզպետը։
Լրագրողները հիշեցրին, որ Տավուշում իրականացված գործընթացներից հետո թշնամին հայկական տարածքներից դուրս չեկավ, ի՞նչ երաշխիք կա, որ Գեղարքունիքից դուրս կգան։ Կարեն Սարգսյանն ասաց․ «Իմ վստահությունը նրանում է, որ նորից եմ կրկնում՝ սահմանազատում նշանակում է, որ երկու պետությունները ճանաչում են իրենց սուվերեն տարածքները։ Միջազգային կազմակերպությունները եւս դրա մասին խոսել են, որ ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են ՀՀ սուվերեն տարածքից։ Եվ հետ կգնան, ՀՀ սուվերեն տարածքը կմնա Հայաստանին»։
Ինչո՞ւ Տավուշում հետ չքաշվեցին ադրբեջանական զորքերը, հարցին Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց․ «Ձեր մեկնաբանությունն այնքան էլ ճիշտ չէ, այնտեղ իրականացված գործողությունների արդյունքում գծվել է ՀՀ եւ Ադրբեջանի սահմանը։ Սահմանային հենասյուները երկու պետությունների կողմից ճանաչվել են, այսինքն՝ նշանակում է, որ երկուսն էլ ճանաչել են մյուս երկրի սուվերեն տարածքը։ Առաջիկայում, եթե ինչ-որ տեղ կա, որ որեւէ մեկը հետ չի գնացել, վստահ եմ, որ հետ կգնա»։
Կարեն Սարգսյանը կոչ արեց սպասել գործընթացի ավարտին։ Ըստ նրա՝ գործընթացը դեռ շարունակվում են, եզրակացություններ պետք է անել վերջում։