Արցախի հարցի արդարացի լուծումը միայն ու միայն հզոր Հայաստանի միջոցով է հնարավոր
Արցախի ժողովրդի անունից մշտապես բանակցել են ՀՀ իշխանությունները, մենք համարում ենք՝ Արցախի հարցի միջազգային օրակարգ բերելը ՀՀ իշխանությունների խնդիրն է, մենք պատրաստ ենք այդ հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Իսկ թե ինչպես պետք է հարցը հայտնվի միջազգային օրակարգում, Շահրամանյանը տեսնում է միայն ՀՀ միջոցով, ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն արցախցիների իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Հարցին՝ արդյո՞ք պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ վերադարձի հետ կապված, արդյոք նման քննարկումներ եղե՞լ են, նա արձագանքեց. «Մենք պատարաստ ենք տարբեր ձևաչափով հանդիպումների, բանակցությունների, կարևորը որ գրված, ձևակերպված լինի ճիշտ խնդիր ու ձևաչափ: Մենք պատրաստ ենք ՀՀ կառույցների հետ համագործակցել այդ հարցում»:
Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախից, Շահրամանյանը պատասխանեց. «Ճիշտ նշեցիք, որ ՀՀ իշխանություններն են հրաժարվել, ինձ թվում է ՀՀ բնակչության մեծ մասի կարծիքն այդպես չէ, մեր խորը համոզումով Արցախի հարցի արդարացի լուծումը, լուծման ճանապարհը միայն ու միայն հզոր Հայաստանի միջոցով է հնարավոր»: