Հոկտեմբերի 12-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հոգեբանական ինչ պատճառներ են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր       Հոկտեմբերի 14-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 սեպ 2024 20:24

Տեսանյութ.Թող Աստծո կամքով Սրբալույս Մյուռոնը վերհառնումի զորություն բերի պատերազմի արհավիրքներ ու կորուստներ կրած մեր ժողովրդին.Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ

Թող Աստծո կամքով Սրբալույս Մյուռոնը վերհառնումի զորություն բերի պատերազմի արհավիրքներ ու կորուստներ կրած մեր ժողովրդին.Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ԵրկրորդՍուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվել է Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

«Փառք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ շնորհը պարգևեց Մեզ Վարագա Սուրբ Խաչի տոնի նախօրեին՝ Սուրբ Գևորգ զորավարի հիշատակի օրը, կատարելու Սրբալույս Մյուռոնի օրհնությունը, որը անցնող տարիների աղետաբեր իրադարձությունների պատճառով անհնար եղավ իրականացնել։ Թող Աստծո բարեգութ կամքով նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնը երկնապարգև բարիքներ բերի մեր կյանքից ներս, հոգևոր ուժ ու վերհառնումի զորություն՝ պատերազմի արհավիրքներ ու կորուստներ կրած մեր ժողովրդին։

Սիրելիներ, Սրբալույս Մյուռոնի օրհնությունը մեզ հիշեցնում է նվիրական օրերը հայոց դարձի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ձեռամբ, բիբլիական Արարատի վեհապանծ հայացքի ներքո, մեր ժողովուրդը մկրտվեց և օծվեց մեր Տիրոջ կողմից օրհնված և Սուրբ Թադեոս առաքյալի միջոցով Հայաստան բերված սուրբ յուղով և մեկ դարձավ Քրիստոսով ու իր Սուրբ Եկեղեցիով։ Ազգս հայոց շնորհը ստացավ լինելու Աստծո սեփական ժողովուրդ և առաջինը աշխարհում քրիստոնեությունը հռչակելու պետական կրոն։ Հավատակերտ այդ ժամանակներից ի վեր փրկության սուրբ լեռն Արարատ և Միածնաէջ Մայր Տաճարը դարձան սրբազան և անջնջելի խորհրդանիշ մեր հավատքի ամրության և հայոց հավերժ լինելության։

«Ով օծվի Մյուռոնով, երկյուղած պիտի դառնա Աստծուց և անվախ՝ թշնամուց»։ 

Մյուռոնօրհնության նվիրական այս արարողությունը պատեհ առիթ ունենալով՝ վերստին դիմում ենք միջազգային հանրությանը և մեր քույր Եկեղեցիներին, ի դեմս մեզ աղոթակից եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչների, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր