ԱՄՆ նախագահն Ալիևին հորդորել է այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահն իր հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի միջոցով նամակ է հղել Ադրբեջանի նախագահին:
Ջո Բայդենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ։
Նա ընդգծել է, որ դա կծառայի երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Սպիտակ տան ղեկավարը հավատացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը վերջ կդնի երկարամյա հակամարտությանը։
Ըստ ամերիկյան կողմի՝ Բայդենը շեշտել է, որ «խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը, կծառայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապերի զարգացմանը»:
«COP29-ի ֆոնին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա: Սա եզակի հնարավորություն է ցույց տալու համաշխարհային հանրությանը ձեր հանձնառությունը խաղաղությանը: Պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքը վերջնականացնելու համար երկու կողմն էլ պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերի և փոխզիջումների գնա: Վստահ եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից: Կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը»։
Նամակի բովանդակության համաձայն՝ Բայդենի վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն:
«Խնդրել եմ Եվրոպայի գծով իմ օգնական Մայքլ Քարփենթերին ներկայացնել ձեզ որոշ քայլեր, որոնք մենք պատրաստ ենք նախաձեռնել, ինչպես նաև տեղեկություն ստանալ Հայաստանի հետ քննարկումների մասին»,- նշված է Բայդենի անունից հղված նամակում։
Բայդենը հույս է հայտնել, որ Բաքուն կօգտվի առկա հնարավորություններից, տարածաշրջանային նոր կուրս կվերցնի, որը հիմնված կլինի ընդհանուր բարգավաճման գաղափարի վրա։