Կոտայքում բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն, վիրավորներից մեկը հղի կին է
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Առինջ գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ կամրջի վրա, բախվել են «Hyundai Elantra» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 4 փրկարարական ջոկատի փրկարարները։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել են տարածքը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ բախման հետևանքով «Hyundai»-ն հայտնվել էր կամրջի բետոնե պաշտպանիչ հատվածի վրա, իսկ «BMW»-ն մասամբ փակել էր երթևեկելի գոտին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։