Նոր տարին ասոցացվում է նոր մեկնարկի ու հրաշքների հետ, ամրապնդում է հույսի և հավատի գործակիցը
Hayacq.com-ի Ամանորյա hարցազրույցը ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:
-Կարո՞ղ ենք ասել, որ Ամանորը տոներից ամենասիրվածն ու սպասվածն է:
-Ամանորը համախմբում է բոլորին։ Հետևաբար, կարող ենք ենթադրել, որ ամենսիրված ու սպասված տոնն է․ ասոցացվում է նորի, հրաշքի, նաև մանկության տարիների տպավորությունների և հիշողությունների հետ, ամրապնդում է հույսի և հավատի գործակիցը:
-Նոր տարին արդյո՞ք կյանքի նոր էջ բացելու, այն նորովի սկսելու հնարավորություն է:
-Կարծում եմ յուրաքանչյուրս էլ զգացել ենք, որ նոր տարվա մոտալուտ լինելը հոգեբանորեն ազդարարում է նոր մեկնարկի մասին, որը հնարավորություն է կյանքի գրքի ևս մեկ մաքուր էջ յուրովի գունազարդելու։
-Որո՞նք են Նոր տարին դիմավորելու կարևոր նախապայմանները:
-Օրինակ, անհրաժեշտ է ամփոփել նախորդ տարին, վերհիշել դրական պահերը, ձեռքբերումները, հաղթահարել բացասական հույզերը (եթե այդպիսիք կան), հստակեցնել ցանկությունները, նպատակները, որպեսզի ներդաշնակ հոգեվիճակով և լավատեսորեն դիմավորել նոր տարին։
-Երազանքներ, սպասելիքներ. Ամանորյա հրաշքների մասին ի՞նչ կասեք:
-Անհնար է կյանքը պատկերացնել առանց երազանքների, քանի որ մոտիվացիայի լավագույն աղբյուրներն են, դեպի նպատակ տանող ուղիները, ուստի բնական է, որ Ամանորի շեմին երազանքները առավել ակտիվ լինեն։ Եվ եթե կան երազանքներ, կլինեն նաև սպասելիքներ։ Իսկ հրաշքներին հավատալով՝ օգնում ենք վերջիններիս իրականանալուն։
-Ամանորը հաճախ գեղեցիկ տոնից վերածվում է նախատոնական և հետտոնական սթրեսների, ինչպե՞ս խուսափել դրանից:
-Տոների ժամանակ, առհասարակ, կարևոր է պլանավորումը, ժամանակի կառավարումը, սեփական հարմարավետության շրջանակներում այն կազմակերպելու անհրաժեշտությունը։ Պետք է կարողանալ ամանորյա գեղեցիկ տոնը հնարավորինս դրական զգացողություններով անցկացնել։
-Տարին դրական լիցքերով սկսելն որքանո՞վ կարող է ազդել ողջ տարվա վրա:
-Ընդհանրապես դրական մտքերը, հույզերը նպաստում են լավատեսական աշխարհայացքին, հետևաբար տարին դրական մեկնարկելով՝ որոշակի ուղղվածություն ենք տալիս ներուժին։ Երբ դրական լիցքերով է սկսվում տարին, համոզմունք է ձևավորվում, որ այդպես էլ կշարունակվի (հատկապես ներշնչվողների դեպքում նմանատիպ տրամադրվածություններն առավել ակնհայտ են գործում)։
-Ձեր Ամանորյա մաղթանքը:
-Նոր տարին ևս մեկ հնարավորություն է ավելի լավը դառնալու, ներքին և արտաքին խաղաղությունն ամրապնդելու, սեփական կյանքի գրքի յուրօրինակ էջ ստեղծելու։ Սիրով և բարությամբ լցնենք այդ բացառիկ հնարավորության յուրաքանչյուր ակնթարթը։