Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

09 մայիս 2025 11:45

Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն

Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղությունՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը։ Այդ պատերազմը բռնկվեց Գերմանիայում եւ նրա դաշնակից մի քանի այլ երկրներում հաստատված նացիստական (ֆաշիստական) գաղափարախոսության պատճառով, որի առանցքային բովանդակությունն այն էր, որ մի ազգը կամ ազգերի մի խումբը գերակա է մյուսի, կամ մյուսների նկատմամբ։ Եվ աշխարհի բազմաթիվ ազգեր, պետություններ համախմբվեցին հակառակն ապացուցելու համար եւ հաղթեցին։

Այդ հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը` Խորհրդային Միության, արեւմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր այդ բոլոր հայրենակիցներին։ Այս օրն աշխարհը նաեւ առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի եւ նրա բոլոր դրսեւորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության ազատության եւ երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է։

Հայաստանի Հանրապետությունը գնում է այլ` ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։ Սա ամենեւին էլ հեշտ ճանապարհ չէ, բայց ճանապարհ է, որն արժե անցնել ու այդ ճանապարհը լիարժեք անցնելու եւ անշրջելի հանգրվանի հասնելու համար անհրաժեշտ է համոզվածություն, հավատ, շրջահայացություն եւ հետեւողականություն։ Այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է համարձակ, անկեղծ եւ ամբողջական ինքնահայեցում, սեփական պատմությունը կարդալու, սերտելու եւ մեր պատմությունից մեզ ուղղվող ուղերձներն ընթերցելու եւ ընկալելու կարողություն։

Վերջին տարիների իմ գործունեության մի զգալի մասը նվիրում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ քննարկումներին։ Սա չափազանց կարեւոր գործընթաց է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր պատմությունն ընթերցելու եւ վերընթերցելու արդյունք է, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Պատմական Հայաստանի՝ մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է․ մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում` Հայաստանի Հանրապետությունում ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու, եւ այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը եւ պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը։

Այսօր մենք ունենք նաեւ մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։

Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր