Դատախազությունը իր դիրքորոշումը 180 աստիճանով փոխել է, բացառապես վարչապետի գրառումների կամ գուցե հանձնարարության արդյունքում

Նրա խոսքով՝ Հայաստանի իրավապահները վատ սովորություն ունեն՝ տեսնում են, թե ինչ է ցանկանում Նիկոլ Փաշինյանը, միանգամից բոլոր ցանկությունները փորձում են իրականություն դարձնել։
«Հիմա, որ հետ ենք գնում, տեսնում ենք` հենց այդ օրն էր վարչապետը իր էջում ուղիղ թիրախավորում Միքայել սրբազանին։ Սա քաղաքական հետապնդում է և դատախազությունը իր դիրքորոշումը 180 աստիճանով փոխել է, բացառապես վարչապետի գրառումների կամ գուցե հանձնարարության արդյունքում»։
Պաշտպանն ուշադրություն հրավիրեց Քրեական դատավարության օրենսգրքով և Սահմանադրությամբ «կրկին անգամ դատվելու» արգելքի վրա, նկատեց՝ քանի դեռ օրինական ուժի մեջ է նույն արարքի համար քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը, այսինքն՝ պետությունը գտնում է, որ այդ արարքում հանցանք չկա, ապա չի կարող նույն բանի համար հետագայում քրեական վարույթ նախաձեռնել։ Ընդ որում, այդ մասով, պաշտպանի դիտարկմամբ, Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում իրավական նորմերին։ Նրան անձեռնահասության հիմնավորմամբ բացարկ են հայտնել, սակայն վերջինս մերժել է դա։ Մասնավորապես, պաշտպանության կողմը Մասիս Մելքոնյանին կալանքի քննության ժամանակ հիշեցրել է օրենսդրական այդ կարգավորումը՝ միջնորդելով ՔԿ-ից և Դատախազությունից պահանջել այն արձանագրությունը, որով հաստատվել է, որ քրեական հետապնդում չի հարուցվում, պաշտպանության կողմը հիմնավորում էր, որ այստեղ կրկին անգամ դատվելու խնդիր կա, միջնորդությունն իրավաչափ չէ։
«Դատավորի պատասխանը ցնցող էր, երևի պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն, թեստավորում պետք է անցկացնեն, ասում է՝ այս փուլում ընդհանրապես չի կարող անդրադառնալ կրկին անգամ դատվելու սկզբունքին, որովհետև դատավճիռ չի կայացնում, իր պատկերացմամբ՝ սա միայն դատավճռով են անդրադառնում, երկրորդ՝ իբրև սա կապ չունի կալանքի հետ, մինչդեռ, կալանքի քննարկման ժամանակ այս հարցն ամենաառանցքային նշանակությունն ունի»,-ասաց Երեմ Սարգսյանը։