Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի․ «Ժողովուրդ»

Իսկ ովքեր էին իշխող «Քաղպայմանագրի» ջարդարարները եւ ինչով են նրանք հանրությանը հայտնի:
Վեճը հրահրեց Վահե Ղալումյանը՝ Արթուր Սարգսյանի հետ կռվի բռնվելով դռների մոտ, իսկ Արեն Մկրտչյանն ու Արսեն Թորոսյանը Տիգրան Պարսիլյանի հետ Գեղամ Մանուկյանին սկսեցին հարվածներ հասցնել: Հետո միացավ «Ռեմբոյի» կերպարի մոտիվներով հայտնի ձկնգող Նարեկ Գրիգորյանը, որն ակնհայտորեն աջուձախ բոլորին ոտքով, ձեռքով հարվածներ էր հասցնում:
Կարճ ասած՝ մարտ՝ առանց կանոնների:
Այսպիսով՝ ով ով է:
Վահե Ղալումյան – հուլիսի 8-ի կռվի սադրիչը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի՝ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայրն է: Նա 2019 թվականին ունեցած իր ֆինանսները չէր հայտարարագրել, բայց ներվեց կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի կողմից:
Արեն Մկրտչյան – Երգիծական «Ք1» հաղորդաշարերի սցենարիստ, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, Ալավերդու չընտրված քաղաքապետ: Հուլիսի 8-ի ծեծկռտուքից հետո աջ ձեռքը չէր կարողանում շարժել. ենթադրաբար կոտրվածք ունի:
Արթուր Հովհաննիսյան – ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար, նախկին լրագրող: 2017 թվականի նոյեմբերի 28-ին նրա Nissan March մակնիշի ավտոմեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Արթուր Հովհաննիսյանը, լինելով երեւանաբնակ, բնակարանի վարձի գումար է ստացել պետությունից, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» հրամանով, բնակարան է ձեռք բերել Երեւանի Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում: Ընդդիմադիր գործիչների «լեզուն», «ականջը» կտրելու սպառնալիքներով հայտնի անպատիժ պաշտոնյա:
Ռուստամ Բաքոյան – ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, որը խեղդում էր ընդդիմադիր պատգամավոր Արգիշտի Գեւորգյանին: Բաքոյանը աչքի է ընկել նաեւ իր քաղաքացիական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով եւ հայհոյախառն այլ թեմաներով:
Տիգրան Պարսիլյան – Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, որին վերագրվում է հայհոյախոս պատգամավորի համբավը. աթեիստ է, աչքի է ընկնում ագրեսիվ վարքով բոլոր տեսակադրերում: Առաջինը հարվածեց Գեղամ Մանուկյանին, ու ծեծկռտուքը սկսվեց:
Կարեն Համբարձումյան – Բոլոր ժամանակներում ԱԺ բախումների ակտիվ մասնակից: 2006-2018 թթ. ԲՀԿ անդամ է եղել, 2011 թվականից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, սակայն մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա հեռացավ ԲՀԿ-ից եւ արդեն «Իմ քայլ»-ի, հետո՝ ՔՊ-ի ցուցակով դարձավ պատգամավոր. սակայն պաշտոնական կենսագրությունից ԲՀԿ-ի հատվածը ջնջել է:
Արսեն Թորոսյան – Հայհոյախոս, ագրեսիվ համարվող աթեիստ պատգամավոր, որին հանրությունը կնքել է «մահվան նախարար» անունով: Նրա անունը շոշափվում է կոռուպցիոն մի շարք գործերում. «Քովիդ»-ի եւ մյուս գործով, սակայն, նա վկա է:
Հայկ Ցիրունյան – Ծրագրավորող, որը հանրությանը հայտնի է իր մեմ դարձած խոսքով՝ «գործընթաց է երկրում, եղբա՛յր»: Ագրեսիվությամբ չի զիջում մյուսներին:
Դավիթ Կարապետյան – Մալաթիայի նախկին թաղապետ Դավիթ Կարապետյանը շշով հարվածում է ՊՊԾ աշխատողի գլխին: Նա աչքի է ընկել ԱԺ-ում իր լռությամբ եւ նրանով, որ 2012-2020 թվականներին՝ 8 տարի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող է եղել:
Նարեկ Բաբայան – Ագրեսիվ էր նաեւ Լենա Նազարյանի ամուսինը. մարդ, որը 2007-2009թթ. եղել է ջրամատակարարման, ջեռուցման եւ հովացման համակարգերի տեղակայման մասնագետ՝ կոնդիցիոներ տեղադրող, հիմա՝ իշխանական գործիչ, ջարդարար:
Նարեկ Գրիգորյան – Ինքնավնասումով բանակից ազատված, մինչեւ 2018 թվականը գրեթե կենսագրություն չունեցող նորատուսցի ձկնգող: Նա ագրեսիվ է ԱԺ-ում ծեծկռտուքների ժամանակ եւ հիմնականում այդ ծեծը սկսողի դերում է: «Անպատիժ դիմումագիր՝ բոլորի վրա». այսպես են նրան Նորատուսում բնութագրել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: