Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը նշված ժամին ՀԷՑ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց էր, երբ Գրիգոր Տեր-Ղազարյանը, Կառավարության հետ պայմանավորված ժամին, երկու շքեղ «Lamborghini»-ներով հայտնվեց: Նա ակնհայտորեն անակնկալի եկավ մեզ տեսնելով՝ եւ փակվեց իր ավտոմեքենայում 20 րոպեից ավելի: Այնուհետեւ անվտանգության ինչ-որ աշխատակից, մոտենալով Տեր-Ղազարյանին, հրահանգեց ոչ մի հարցի չպատասխանել: Ակնհայտ երեւում էր, որ Տեր-Ղազարյանին սպասում էին ներսում: Նույն անվտանգության ագրեսիվ աշխատակիցը Տեր-Ղազարյանին ուղեկցեց դեպի շենք. վերջինս 20 րոպե հետո հեռացավ՝ առանց մի բառ ասելու, առանց մեր հարցերին պատասխանելու:
Երիտասարդ մեծահարուստը, ով հնարավորություն ուներ պատասխանելու մեր հարցերին, պարզաբանելու իր այցի նպատակը, բացատրելու, թե ինչու էր ՀԷՑ-ում հայտնվել, լուռ հեռացավ եւ ոչ մի պարզաբանում չտվեց: Դրանից մի քանի ժամ հետո ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, թե ինքը նպատակ չունի ՀԷՑ-ից ինչ-որ բան գնելու: Հետաքրքիր է, թե կառուցապատող ընկերության ղեկավարը ինչու էր հայտնվել ՀԷՑ-ի շենքում, կամ եթե նման նպատակ չուներ, ինչու ներս մտնելիս չասաց այդ մասին:
Այսպիսով, ստանալով տեղեկություն, որ Տեր-Ղազարյանին ուղարկել են ՀԷՑ-ից մասնաբաժին գնելու՝ «Ժողովուրդ» օրաթերթը գնացել էր այնտեղ՝ անմիջաբար գործարարից տեղում պարզելու տեղեկությունը: Էլի չստացվեց:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը գնելու ենթադրյալ պատրաստակամություն հայտնածը«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկինում՝ 2009 թվականին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):
Դատավոր Ժորա Վարդանյանը նրան մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա 05.02.2009 թ. ՀՀ քաղաքացի Գրիգոր Իգիթյանի եւ ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի միջեւ գույքային վեճերի մասին իմանալով, Արսեն Բալասանյանի հետ հանդիպելով Գրիգոր Իգիթյանին, ներկայացել է՝ իբրեւ իրենք Ջ. Նաջարյանի վստահված անձինք են, Գ. Իգիթյանի պարտավորությունների կատարման ապահովության համար նրանից ստացել են 30.000 ԱՄՆ դոլար: Գրիգոր Տեր-Ղազարյանի եւ Արսեն Բալասանյանի՝ խարդախության հիմքով հարուցված գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, զղջացել են, նրանց հարազատները ամբողջությամբ վերականգնել են տուժող Իգիթյանին պատճառված նյութական վնասը: Արդյունքում, Գրիգոր Տեր-Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 10 ամիս ժամկետվ պայմանական պատժի: 3 տարվա պայմանական պատժի է արժանացել նաեւ Արսեն Բալասանյանը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: