Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում

ԵԾ նպատակն է՝ «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքներով հակակոռուպցիոն բյուջետային ծրագրերի վերաբերյալ մշակված առաջարկությունների առաջ մղումը ոլորտի հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող ընտրված մարմիններում։
📌 ԵԾ-ն իրականացվում է ՀՀ ընտրված հակակոռուպցիոն իրավասու պետական կառավարման (ՊԿ), սահմանադրական ինքնավար և անկախ (ՍԻԱ) մարմինների, ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հետ համագործակցությամբ։
📌 ԵԾ շահերի պաշտպանության պլանի համաձայն՝ ՏԻԿ ՀԿ ներկայացուցիչները ս.թ. հուլիս-օգոստոս ամիսներին հանդիպել են ընտրված 7 իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ԵԾ շրջանակներում իրականացվելիք գործողությունները և ձեռք բերել կառուցողական համագործակցության պայմանավորվածություններ։
ԵԾ շրջանակներում պատրաստված վերլուծական զեկուցագրերում (որոնք ներկայացվել են իրավասու մարմիններին) հիմնականում արված են եղել 16 ամփոփ եզրակացություններ, որոնք վերաբերում են հետևյալ հիմնախնդիրներին․
ռազմավարական պլանավորման բացթողումներ,
ոլորտի ոչ պատշաճ ֆինանսավորում՝ սահմանված առաքելություններն ու ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու համար,
հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի գործում նշանակալի բացթողումներ,
մասնակցային բյուջետավորման գործում միջազգային փորձի ներդրման անբավարար մակարդակ,
կազմակերպական և մեթոդաբանական բացթողումներ բյուջետային հայտերի հանրային քննարկումների կազմակերպման գործում։
ՏԻԿ ՀԿ-ն իր վերլուծական նյութերում ներկայացրել է 21 ամփոփ առաջարկություն այդ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։
ՏԻԿ ՀԿ եզրակացությունների և առաջարկությունների վերաբերյալ ընտրված մարմինների արձագանքների գույքագրման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը․
Հանրային քննարկումների ժամանակ ՏԻԿ ՀԿ-ի որոշ առաջարկություններ ընդունվել են 3 մարմինների կողմից և որոշակի փոփոխություններով արդեն ներառվել են ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված նախնական հայտերի մեջ։
Թեև բյուջետային հայտերի հանրային քննարկումների և մոնիթորինգի ընթացքում ՊԿ և ՍԻԱ մարմինները բանավոր համաձայնություն են տվել ՏԻԿ ՀԿ դիտարկումներին, սակայն ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջում ներկայացված տեղեկատվության (minfin.am) մեջ դրանք հիմնականում չեն ընդունվել։
ՏԻԿ ՀԿ-ն մասնակցել է 10 մարմինների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2026 թ. բյուջետային հայտերի հանրային քննարկումներին։ Նրանցից 9-ին (բացառությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության) ներկայացրել է 127 առաջարկություն։ Այդ կազմակերպություններից 3-ի կողմից ոչ մի առաջարկություն չի ներառվել ՖՆ կայքէջում տեղադրված տեղեկատվության մեջ։ Ներկայացված 127 առաջարկություններից միայն 29-ն է (22.8%) ներկայացվել որպես ՏԻԿ ՀԿ-ի առաջարկ։
ՊԿ և ՍԻԱ մարմինների մոտ դեռևս հաղթահարված չէ քաղաքացիական հասարակության կարողությունների նկատմամբ անվստահության բարդույթը։ Այսպես, ներկայացված 127 առաջարկություններից ընդունվել է միայն 6-ը՝ 1-ը ամբողջությամբ, իսկ 5-ը՝ մասնակի։ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացված բոլոր 13 առաջարկությունները ընդունել է ի գիտություն՝ նշելով, որ դրանց կանդրադառնա 2027 թ. բյուջետային գործընթացի ժամանակ։ Փաստորեն, ՊԿ և ՍԻԱ մարմինները դրական վերաբերմունք և/կամ վստահություն են ցուցաբերել ներկայացված 19 առաջարկությունների (15.8%) նկատմամբ։
ՊԿ և ՍԻԱ մարմինները ՏԻԿ ՀԿ կողմից բացահայտված բյուջետային գործընթացում առկա թերությունների ու բացթողումների վերաբերյալ դիտարկումներին և առաջարկություններին տվել են ոչ հիմնավորված, խուսափողական պատասխաններ կամ բոլորովին չեն պատասխանել։ Այսպես, ներկայացված 127 առաջարկություններից 57-ին (44.9%) չի պատասխանվել, իսկ 51 առաջարկություն (40.2%) չի ընդունվել։ Դրանցից 35-ը (68.7%) մերժվել են առանց որևէ հիմնավորման, իսկ 7-ը՝ մասնակի հիմնավորմամբ։ Չընդունված առաջարկություններից 9-ի (17.6%) չընդունման պատճառ է նշվել օրենսդրական պահանջի կամ վիճակագրական տվյալների բացակայությունը։
ՏԻԿ ՀԿ կողմից բացահայտված բյուջետային ծրագրերի վերջնական արդյունքների և կատարողական ոչ ֆինանսական ցուցանիշների թերությունների վերաբերյալ ՊԿ և ՍԻԱ մարմինները հիմնականում պատասխանել են, որ նման ցուցանիշները ծանրաբեռնում են բյուջետային հայտերը, կարիք չկա ջանքեր գործադրել դրանք հավաքագրելու ուղղությամբ, կամ էլ նշել են, որ նման ոչ մասնագիտական ցուցանիշները առաջարկվել են ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից։ Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս փաստել, որ ծրագրային բյուջետավորումը Հայաստանում դեռևս կրում է ձևական բնույթ, քանի որ հակասում է ծրագրային բյուջետավորման սկզբունքներին և կարգավորումներին։
📌 ԵԾ շրջանակներում ՏԻԿ ՀԿ-ի նախաձեռնությամբ 2025 թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի կունենա հանրային (աշխատանքային) քննարկում, որի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում առաջարկությունների վերաբերյալ դիրքորոշումների գույքագրման և վերլուծության արդյունքները։ Միջոցառման վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ …
https://www.facebook.com/profile.php?id=61570199616416
Սույն նյութը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
#B4C #budgeting #budget #EU4Budget #PublicFinancing