Ալեքսիթիմիան որպես ցավի ռիսկային գործոն, որն է ցավի և հուզական ոլորտի սերտ կապը
ԸՆԴԴԵՄ ՑԱՎԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ ԷՉնայած գոյություն ունեցող բազմաթիվ հետազոտություններին և ցավի հիմնախնդրի նկատմամբ միջդիսցիպլինար հետաքրքրությանը՝ ցավը շարունակում է մնալ որպես արդիական թեմա և աչքի է ընկնում իր տարածվածությամբ։ Բազմաթիվ հեղինակներ նշել են հատկապես ցավի և հուզական ոլորտի սերտ կապի մասին։ Եվ այս համատեքստում ալեքսիթիմիան ևս դիտվում է որպես ցավի ռիսկային գործոն։
Ալեքսիթիմիա (հուն. a-բացակայություն, lexis-բառ, thymos-զգացմունք) տերմինը ներմուծել է Պ. Սիֆնեոսը (1973թ.): Ըստ նրա, ալեքսիթիմիան հոգեմարմնական հիվանդությունների հիմքում է՝ սահմանափակելով մարդու ունակությունը սեփական հույզերն ու զգացմունքներն ընկալելու, բառերով արտահայտելու և էքսպրեսիվ ձևով փոխանցելու համար։
«Ալեքսիթիմիա» բառացիորեն նշանակում է «չկան խոսքեր զգացմունքի համար»: Այն բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով`
• սեփական զգացմունքները սահմանելու և նկարագրելու դժվարությամբ,
• զգացմունքների և մարմնական զգացողությունների միջև տարբերակման դժվարությամբ,
• սիմվոլիզացիայի թույլ ունակությամբ, որի մասին վկայում են ֆանտազիաների և երևակայության դրսևորումների սակավությունը,
• կենտրոնացումը հաճախ արտաքին դեպքերի, քան ներքին ապրումների վրա:
Ներկայումս գոյություն չունի մեկ միասնական մոտեցում, որը կկարողանա բացատրել ալեքսիթիմիայի զարգացումը, սակայն առկա հետազոտությունները հնարավորություն են տալիս առանձնացնել երեք տեսություններ՝
- Կենսաբանական տեսությունը, որը ալեքսիթիմիան դիտարկում է որպես առաջնային պրոցես, և որտեղ առաջնային դերակատարում ունեն գենետիկ մեխանիզմները։
- Տրավմատիկ մարմնականացման տեսությունը ալեքսիթիմիան բնութագրում է որպես հոգեբանական տրավմայի արդյունքում առաջացած աֆեկտների արգելակում:
- Սոցիալական ուսուցման տեսությունը ալեքսիթիմիայի դրսևորումը բացատրում է վարքի ասպեկտներով, սոցիալական և մշակութային գործոններով:
Ի դեպ, ալեքսիթիմիայի կոնցեպցիայի մշակումը նշանակալի տարածվածություն ունի հոգեմարմնական հիվանդություններին նվիրված գրականության մեջ, որն արտացոլվում է հրապարակումների մշտապես մեծացող քանակում։
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ
