Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց       Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության    

11 սեպ 2020 18:51

Ցավը զգացում է, թե՞ հաճույքին հակառակ հուզական վիճակ

Ցավն ամենից հաճախ հանդիպող գանգատներից է: 
Կարելի է ասել` չկա այնպիսի մարդ, որն իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չի ունեցել այս զգացողությունը:  Սակայն առ այսօր դժվար է սահմանել ցավ հասկացությունը: 

Այն բարդ ֆենոմեն է, որն աչքի է ընկնում, նախ և առաջ, իր պատճառների բազմազանությամբ: Եվ միգուցե հենց այդ է պատճառը, որ ցավը մշտապես տարբեր գիտությունների ուշադրության կենտրոնում է: 

Վերջին ժամանակներում այն առանձնահատուկ հետաքրքրության է արժանացել հատկապես հոգեբանության տեսանկյունից:
 
Դեռևս 20–րդ դարում վիճաբանական էր` ցավը զգացում է, թե հաճույքին հակառակ հուզական վիճակ: Հոգեբանության մեջ ցավը դիտարկվում է որպես սուբյեկտիվ, անձնային ապրում, որին առավել բնորոշ է զգացողության աֆեկտիվ բնույթը: Այդ մասին են վկայում նաև գրականության տվյալները, որոնցում նշվում է, որ ցավը կարող է առաջանալ ճնշված հույզերից,  որոնք ժամանակի ընթացքում առաջացնելով հուզական լարվածություն, դրսևորվում են տարբեր տեղայնացմամբ ցավերի միջոցով: Ցավի առաջացման մեջ հատկապես մեծ նշանակություն է տրվում տագնապի, դեպրեսիայի, վախի, սթրեսի առկայությանը: Որպես հիմնավորում առանձնացնենք հետևյալ չորս մոդելները: Առաջինն այն է, որ բացասական հույզը բարձրացնում է ցավի զգայունակությունը: Երկրորդը` բացասական հույզը կարող է ցավի պատճառ լինել (օրինակ, սթրես առաջացնող հույզերը կարող են ուղեկցվել ֆիզիոլոգիական պատասխաններով, որոնք ցավ են առաջացնում), և  նաև ցավը կարող է դեպրեսիայի տեսակներից մեկը լինել: Երրորդում` բացասական հույզերը քրոնիկ ցավի արդյունք են: Չորրորդ մոդելում բացասական հույզը և ցավը կարող են առաջանալ երրորդ գործոնի ազդեցությամբ (օրինակ, կենսաբանական փոփոխություններ, ուժեղ սթրես): 

Ընդունված է, որ բացասական հույզերը տարիների ընթացքում կուտակվելով մարդու մեջ, փոխակերպվում են և արձագանքում ցավի միջոցով: Եթե անգամ հիշողությունից «ջնջվում» են բազմաթիվ տհաճ դեպքեր, ապա մարմինը պահում է ինֆորմացիա յուրաքանչյուր միջադեպի մասին, մշտապես հիշեցնելով դրանք ցավային դրսևորումներով: Մասնագետների կարծիքով, մկանների տարբեր խմբեր ինֆորմացիա են կուտակում համապատասխան հույզերի մասին: Այսպես, պարանոցային հատվածում տեղակայված է «պատասխանատվության գոտին»: Հետևաբար, բարձր պատասխանատվություն ունեցող մարդիկ հաճախ գանգատվում են պարանոցի և մեջքի վերին հատվածի ցավերից: 

Տարբեր հետազոտությունների արդյունքներով, ցավերից գանգատվող մարդկանց բնորոշ են հուզական անկայունությունը, բարձր տագնապայնությունը, տրամադրության անկումը, ագրեսիան: Որոշ հեղինակներ նշում են, որ ցավն առաջանում է այն ժամանակ, երբ կոնֆլիկտը լուծելու այլ միջոց չկա: Այսպիսի դեպքերում ցավը, կարելի է ասել, ունի կոնֆլիկտը լուծելու իմաստ. օգնում է մարդուն հեռու մնալ իրական դժվարություններից: 

Վիճակագրական տվյալները ևս ընդգծում են հուզական ոլորտի և ցավի սերտ կապվածությունը: Օրինակ, մեջքի ցավերից գանգատվողների  30–50% –ի մոտ ախտորոշվում է սթրեսային վիճակ: Իսկ դեպրեսիայի հաճախականությունը քրոնիկ ցավի դեպքում հասնում է մինչև  60 %: Մի կողմից, ցավն ուղեկցվում է բացասական հուզական ապրումներով, մյուս կողմից` արգելափակում է մարդու հաճույք ստանալու հնարավորությունը: 
Եթե դիտարկենք հոգեդինամիկ տեսության տեսանկյունից, ապա ցավը  չարտահայտված հույզերի արտաքին պաշտպանական դրսևորում է, որը թեթևացնում է հոգեկան ազդակները և զերծ պահում հոգեկան ավելի ուժեղ տառապանքներից:

Ցավի հոգեբանական մեկնաբանությունը հնարավորություն է տալիս ցավի հիմնախնդիրը լուսաբանել հոգեմարմնական փոխկապվածության մեջ:   Այստեղ ցավը դադարում է դիտարկվել զուտ որպես ֆիզիկական վնասվածքին տրվող հակազդում, և հաշվի է առնվում հոգեբանական և սոցիալական գործոնների անժխտելի դերը:
 
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր