Սա անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն, Լավրովը՝ ԵՄ-ի Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն անկեղծ խոստովանություն է արել՝ խոստանալով, որ ԵՄ-ն կօգնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքարել «վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես դա արել են Մոլդովայում», ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։«Սա անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն»,– ասել է Լավրովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային համագործակցության գլխավոր խորհրդի կոմիտեի նիստի ժամանակ։
Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն վաղուց քաղաքական ճնշման գործիքի է վերածվել, իսկ զեկույցները, որոնք պատրաստում են ընտրությունների դիտորդական առաքելությունները, «աշխարհաքաղաքական նկատառումներ ունեն»։
«Եթե հաղթում է ոչ արևմտամետ թեկնածու, ապա տրվում են ամենախիստ գնահատականները` ընդհուպ կրկնակի քվեարկություն։ Եթե հաղթում է Արևմուտքի կողմից ակտիվորեն առաջ տարվող մեկը, դա փառաբանվում է որպես «ժողովրդավարության հաղթանակ»։ Ընտրությունների վերաբերյալ այդ եզրակացությունները նախապես են պատրաստում։ Բոլորը գիտեն այդ մասին»,–հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
