Քննարկում ենք Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան երթուղով այլ բեռների փոխադրման հարցը
Ռուսական ցորեն տեղափոխող առաջին գնացքի ուղարկումը Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, շատ նշանակալի իրադարձություն է։Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի անկախության ձեռքբերումից ի վեր ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ այս երթուղով Հայաստան է ուղարկվել ռուսական ցորեն տեղափոխող գնացքը։
«Այսօր սա իրականություն է դարձել։ Դա ռուսական ցորեն էր։ Հետո ուղարկվեց ղազախական ցորեն։ Մենք հիմա քննարկում ենք այս երթուղով այլ բեռների տեղափոխման հարցը։ Օրերս տեղեկություն հայտնվեց այս երթուղով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման մասին։ Այսպիսով, մենք իսկապես խոսում ենք փոփոխությունների մասին։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին կնքված եռակողմ համաձայնագիրը, անկասկած, այստեղ էական դեր խաղաց։ Այն փաստացի դադարեցրեց պատերազմը և հիմք դրեց մեր երկրների համատեղ աշխատանքին»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։
«Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս ուղղակիորեն աշխատում են երկկողմանի, այդ թվում՝ սահմանային հարցերի շուրջ։ Գիտեմ, որ իմ գործընկերները նույնիսկ այցելում են միմյանց։ Սկսվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը, և հաստատվում են նավթամթերքի մատակարարումները։ Քննարկումներ են ընթանում նաև Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի միջոցով որոշ բեռներ ուղարկելու վերաբերյալ», - ընդգծել է Օվերչուկը։.
Ռուսաստանի փոխվարչապետը հավելել է, որ մինչև վերջերս այս ամենը անհավանական էր թվում։
