Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը մահացել է, մարմնի վրա հայտնաբերվել է կրակոցի 3, ավտոմեքենայի վրա՝ 9 հետք
Այսօր՝ հունվարի 2-ին, Երևանում՝ «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ժամը 13:00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի հայրը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 44 շենքի բակում 2 անհայտ անձանց կողմից ատրճանակներից արձակված կրակոցներից ստացած հրազենային վնասվածքներով։Ըստ նախնական տեղեկությունների՝ հնչել էր 12 կրակոց, որից 9-ը կպել էին ավտոմեքենային, 3-ն էլ՝ Ռ․ Ստեփանյանի հորը, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն այսօր, երբ հիվանդանոցից արդեն ահազանգ է ստացվել իրավապահներին, քննչական բաժնում քրեական վարույթը վերաորակվել է սպանության հատկանիշներով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, դեկտեմբերի 31-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոմիտաս 44 շենքի բակում կրակոցներ էին հնչել և կար վիրավոր, որը, ինչպես պարզվել է, քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի հայրն էր։
