Այնքան, ինչքան համատեղելիություն հնարավոր կլինի, կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ. Փաշինյան
Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ չենք կարող միևնույն ժամանակ լինել և Եվրամիության, և Եվրասիական տնտեսական միության անդամ: Հիմա պարզվում է մի իրողություն, որ կա տարածք այս ճանապարհով գնալու, և որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք այսօր այդ տարածքի մեջ ենք: Դա նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա՝ հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի: Մենք հստակ հայտարարում ենք, որ այնքան, ինչքան համատեղելիություն հնարավոր կլինի, կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ:«Մենք ունենք 2 տարբերակ, կամ մեզ ընդունում են Եվրամիության անդամ, որը հնարավոր է միայն ստանդարտին համապատասխանելու դեպքում, կամ մեզ չեն ընդունում: Երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետությունը շահած է դուրս գալիս, մի դեպքում մենք դառնում ենք լիիրավ անդամ, երկրորդ դեպքում չենք դառնում, բայց լինում ենք Եվրամիության ստանդարտներին համապատասխանող պետություն: Երբ որ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրվի, ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք որոշում»,- նշել է նա:
Խոսելով տարբերակներ չունենալու մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ դա այդպես չէ. «Մեր կառավարության մեծագույն առաքելությունը համարում եմ այն, որ մեր ժողովուրդը շվարածի կարգավիճակով չլինի: Մենք ունենք տարբերակներ, և հիմա այդ տարբերակների մենյուն ստեղծում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար: Մենք առաջնորդում ենք այդ մենյուի մեջ և ասում ենք, որ այո, ժողովրդավարական երկիրը ձգտում է լինել ժողովրդավարական երկրների միջավայրում»:
