Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մաhը
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մահացել է, հայտնել է նրա գրասենյակը Telegram-ալիքում:«Ես՝ Աստծո ծառաս, վերամիավորվեցի Աստծո հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ Fars գործակալության տվյալների՝ Լարիջանին ընկել է ԱՄՆ-ի և Իսրայելի կործանիչների հարվածի տակ իր դստեր բնակարանում՝ որդու, տեղակալներից մեկի և մի քանի թիկնապահների հետ միասին: Նրա գրասենյակը հերքում է այս տեղեկությունը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է դաժան վրեժխնդիր լինել Լարիջանիի մահվան համար և ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Թեհրանին հասցված հարվածի ժամանակ Լարիջանիի սպանության մասին հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի շուրջ բանակցությունների համար, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հուղարկավորությունը տեղի կունենա Թեհրանում մարտի 18-ին, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Լարիջանին կհուղարկավորվի «Բասիջ» կիսառազմական աշխարհազորի ղեկավար, գեներալ-մայոր Ղոլամրեզա Սոլեյմանիի հետ, որը նույնպես սպանվել էր մարտի 17-ին, և իրանական «IRIS Dena» ֆրեգատի անձնակազմի անդամների հետ, որը մարտի 4-ին Շրի Լանկայի ափերի մոտ խորտակվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի հարվածի հետևանքով։
