Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»          Մարտի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մարտի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 մար 2026 01:52

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»Վերջին շրջանում հանրային դաշտում կրկին ակտիվացել են քննարկումները՝ կապված իշխանական համակարգի ներկայացուցիչների շուրջ առաջացող գույքային և իրավական վեճերի հետ։ Խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել առանձին դեպքերի շրջանակներից և վերածվել է համակարգային հարցի՝ արդյոք Հայաստանում գործո՞ւմ է օրենքի համընդհանուր կիրառություն, թե՞ գոյություն ունի «ընտրովի արդարադատություն»: Շատերի համար հարցն իրականում հռետորական է:

Մասնավորապես, օրակարգում հայտնված վերջին պատմություններից մեկը վերաբերում է սնանկության գործընթացին առնչվող գույքային խնդրին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, խոսքը շուրջ 90 միլիոն դրամ արժողությամբ գույքի մասին է, որը կապված է սնանկության գործընթացում գտնվող անձի հետ։ Նշվում է, որ այդ գույքը չի գույքագրվում, չնայած այն հանգամանքին, որ նման ընթացակարգը պարտադիր է և ուղղված է պարտատերերի պահանջների բավարարմանը։

Հենց այս համատեքստում է, որ քննարկումների կենտրոնում է հայտնվել Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչ, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայել յանի անունը։ Ըստ նույն աղբյուրների, վերը նշված գույքը գտնվում է նրա վերահսկողության ներքո գտնվող տարածքում, և հենց այդ հանգամանքով է պայմանավորված գույքագրման գործընթացի հնարավոր խոչընդոտումը։

Խնդրի քաղաքական բաղադրիչը այստեղ դառնում է առանցքային։ Երբ նման պատմություններում ներգրավված են իշխանության ներկայացուցիչներ, հարցը այլևս չի սահմանափակվում իրավական վեճով։ Այն անմիջապես վերածվում է վստահության ճգնաժամի՝ արդյոք նույն իրավիճակում հայտնված շարքային քաղաքացին կունենա՞ նույն «հնարավորությունները», թե՞ ոչ։

Փորձագիտական շրջանակներում վաղուց է շրջանառվում այն գնահատականը, որ Հայաստանում ձևավորվել է ընտրովի մոտեցում իրավունքի կիրառման հարցում։ Այսինքն՝ նույն օրենքը կարող է գործել տարբեր ձևով՝ կախված անձի քաղաքական կամ վարչական ազդեցությունից։ Նման իրավիճակներում ցանկացած նմանատիպ դեպք ընկալվում է ոչ թե որպես բացառություն, այլ որպես օրինաչափություն։

Եթե շրջանառվող տեղեկությունները հաստատվեն, ապա դա կնշանակի, որ սնանկության գործընթացի առանցքային մեխանիզմներից մեկը՝ գույքի ամբողջական գույքագրումը, կարող է շրջանցվել ազդեցության միջոցով։ Սա լուրջ հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն կոնկրետ պարտատերերի համար, այլ նաև ամբողջ տնտեսական համակարգի վրա՝ խաթարելով վստահությունը բիզնես միջավայրում և ներդրումային դաշտում։

Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ մինչև իրավապահ մարմինների գնահատականը և դատարանի որոշումը գործում է անմեղության կանխավարկածը։ Սակայն դա չի վերացնում հանրային վերահսկողության և թափանցիկության պահանջը։ Ընդհակառակը, նման դեպքերում առավել կարևոր է իրավապահների արագ, հրապարակային և հիմնավորված արձագանքը՝ բացառելու ընտրովի արդարադատության վերաբերյալ ցանկացած կասկած։

Այս պատմությունը հերթական անգամ առաջ է բերում հիմնարար հարց՝ արդյո՞ք Հայաստանի քաղաքական համակարգը կարողանում է տարանջատել իշխանությունն ու մասնավոր շահերը։ Եթե պետական կամ քաղաքական ազդեցությունը օգտագործվում է մասնավոր տնտեսական հարցեր լուծելու համար, ապա դա լուրջ հարված է ոչ միայն իրավական համակարգին, այլև պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությանը։ Ի վերջո, խնդիրը միայն մեկ գործի կամ մեկ անձի շուրջ չէ։ Խնդիրը համակարգային է։ Եվ որքան երկար են նման հարցերը մնում անպատասխան կամ անավարտ, այնքան խորանում է այն համոզմունքը, որ Հայաստանում օրենքը գործում է ոչ թե բոլորի համար, այլ ընտրովի։

Հայաստանի օրենսդրությունն այս հարցում բավական հստակ է։ Սնանկության մասին օրենքը սահմանում է, որ պարտապանի ամբողջ գույքը ենթակա է գույքագրման և ներառման սնանկության զանգվածում՝ ապահովելու պարտատերերի իրավունքների պաշտպանությունը։ Գույքը թաքցնելը կամ գույքագրմանը խոչընդոտելը կարող է դիտարկվել որպես իրավական խախտում և առաջացնել պատասխանատվություն։ Բացի այդ, Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն ծառայողական լիազորությունների չարաշահման, ինչպես նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Եթե որևէ պաշտոնատար անձ կամ ազդեցիկ գործիչ օգտագործում է իր դիրքը՝ իրավական գործընթացների վրա ազդելու նպատակով, ապա նման վարքագիծը կարող է ունենալ քրեական իրավական հետևանքներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր