Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

31 մար 2026 13:02

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Ավագ Երեքշաբթի է, օրվա խորհուրդը ներկայացվում է «Տասը կույսերի» առակով

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Ավագ Երեքշաբթի է, օրվա խորհուրդը ներկայացվում է «Տասը կույսերի» առակով Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Ավագ Երեքշաբթի է: Այն հիշատակում է արարչության երրորդ օրը, երբ Աստված երկրի վրա պտղատու ծառեր աճեցրեց, ջրհեղեղի իրողությունը, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրությունն ու փարիսեցիների հանդիմանությունը (Մատթ. 21.23-46, 22.1-46, 23.1-36): 

Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը (Մատթեոս 25:1-13), որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: 
 
Առակում հինգ իմաստուն և հինգ հիմար կույսեր գնում են Փեսային դիմավորելու։ Հինգ իմաստուն կույսերը իրենց հետ ձեթ վերցրին, իսկ հիմարները՝ ոչ։ Երբ լամպի ձեթը վերջացավ, հիմարները գնացին ձեթ գնելու։ Հենց այդ ժամանակ եկավ Փեսան, և հինգ իմաստուն կույսերը նրա հետ հարսանիքի սրահ մտան, իսկ դուռը փակվեց նրանց ետևից։

Երբ հիմար կույսերը եկան, խնդրեցին բացել դուռը, Փեսան  պատասխանեց, որ նրանց չի ճանաչում՝ հավելելով. «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մատթեոս 25։13)։

Առակում հիշատակվող տասը կույսերը խորհրդանշում են բոլոր հավատացյալներին, որոնց մեջ կան և՛ չար ու անիրավ, և՛ բարի ու արդար մարդիկ: Իմաստունները նրանք են, ովքեր իրենց աստվածահաճո կյանքով արժանանում են Աստծո ողորմածությանը: Հիմարները ձգտում են մարմնավորի ու զրկվում հոգևորից:

Առակում լապտերը ճանապարհն է ցույց տալիս, յուղը խորհրդանշում է ողորմությունն ու մարդասիրությունը: Իսկ կուսությունը խորհրդանշում է Երկնքի արքայության ճանապարհը:  Հիմարները վերցրին լապտերները, բայց ոչ ձեթը, ինչը խորհրդանշում է մարդու մարմինն առանց բարի գործերի: Թեև նրանք էլ արհամարհել էին հաճույքները, հրաժարվել աշխարհից, սակայն յուղ՝ ողորմություն չունեին, ուստի և Երկնքի արքայության դուռը փակվեց նրանց առջև, արժանացան Աստծո մերժմանը:

Իսկ իմաստունների արարքը խորհրդանշեց մարմնականի և հոգևորի միասնությունը: Փեսան առակում խորհրդանշում է Տիրոջը, փեսայի գալը՝ Նրա երկրորդ Գալուստը։

Վա՛ռ պահենք մեր հոգու լապտերները, քանզի անհայտ է Տիրոջ երկրորդ Գալստյան օրը։ Լինենք ողորմած, որպեսզի երբ Տերը գա, չլինենք հանգած լապտերով, թեկուզ և ճիշտ և քրիստոնեական ճանապարհի վրա լինենք:

Ավագ երեքշաբթի օրվա երեկոյան ժամերգության ընթացքում կարդացվում է Տասը կույսերի առակը։ Տասը մանուկներ, խորհրդանշելով տասը կույսերին, վառվող մոմերով կանգնում են Ավետարանի առջև: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր են լինում, իսկ մյուս հինգի ձեռքին՝ հանգած:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր