Մայիսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսնում ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով, անհրաժեշտ է այն առանց սահմանափակումների բացել       Փոփոխություններ կլինեն պարտադիր զինծառայության անցնողների համար    

09 մայիս 2026 10:33

Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին

Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդինՆ. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։

Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։

Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։

Հաղթանակի և խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու և հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին։ Այս նվիրական օրն իր խորհրդով նաև պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը հոգատարություն դրսևորելու պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։

Աղոթում ենք Մեծ հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։

Առ Բարձրյալն աղոթքով հայցում ենք աշխարհին խաղաղություն և ժողովուրդներին՝ բարօրություն: Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին՝ հույսով և հավատով ամուր ու սիրով՝ միասնական:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսեանս. Ամէն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր