Գեղանկարչությունն իմ թուլությունն է. Տեսանյութ
Լրագրող
Մարիետա Խաչատրյանը խորհրդարանում այս անգամ ներկայացել էր իր գեղանկարչական աշխատանքների
ցուցահանդեսով, որտեղ ի մի էին բերվել վերջին ամիսներին ստեղծված նրա բնանկարները:
Իր նկարները նա համարում է լրագրողի հայացք` այս անգամ գեղանկարչության միջոցով: Թե
ինչպես են ստեղծվում այդ բնանկարները` գործընկերների հետ զրույցում պատմել է լրագրողը,
ցուցահանդեսի վերածված ԱԺ սրահում.«Քաղաքական կյանքի մասին անընդհատ գրելը մի տեսակ
կարծես ընտրություն չի թողնում: Տարիների ընթացքում, աննկատ, քաղաքական անվանված կյանքը,
իր «պռելեստներով» հանդերձ, այնքան է կոշտացնում քեզ, քամում սպունգի պես, լցնում ներսիդ
ծակուծուկերն ամեն տեսակ անհետաքրքիր բաներով,
որ թվում է` մի սիրուն բանի տեղ չի մնում: Կոշտության տակ թաքնված հոգին, սակայն,
պարզվում է` ելքեր է փնտրում, բորբոքում ներսում փռված խսիրի տակի պեծերն ու բոլորովին
ուրիշ կրակ բորբոքում: Իմ դեպքում փրկությունն առօրյա գորշից եղավ գեղանկարչությամբ:
Այստեղ ցուցադրվածներն անկեղծ նկարներ են` հոգու չարաճճիություններ, եթե կուզեք` հոգու
հանգստի, սնվելու, հարդարվելու, վերալիցքավորվելու, վերաբեռնվելու ձեւեր: Այստեղ ես
խելք չեմ խաղում, դաժանորեն չեմ խորանում ախտորոշման մեջ, ինչպես քաղաքականության մասին
գրելիս եմ անում, այստեղ ներսիս ամենախորքի բնական վիճակներն են, մարդկային սիրո եւ
ջերմության դրսեւորումները` բնությունը պատկերելու միջոցով: Ամեն մարդ իր թուլություններն
ունի, իմ թուլությունը գեղանկարչությունն է: Իհարկե, ես ինձ պրոֆեսիոնալ նկարիչ չեմ
համարում եւ չեմ էլ կարող համարել, բայց տեսա, որ մարդկանց դուր են գալիս այս նկարները,
ինչպես պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց` դրանք սրտով արած նկարներ են, որ անտարբեր
չթողեցին անգամ մեր պատգամավորներին:
Կարեւորն
այն է, որ ամեն առավոտ արթնանում եմ եւ ուզում եմ նկարել, սրտիս մեջ կուտակվածը ձգտում
է դեպի կտավ»: