Հեղաշրջման փորձի գործով Թուրքիայում այս պահին ավելի քան 50.000 կալանավորված կա
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի գործով մեկ տարվա ընթացքում իրավական գործընթաց է իրականացվել 169.013 քաղաքացու նկատմամբ: Նույն գործով այս պահին կալանավորված է 50.510 մարդ:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ երկրի արդարադատության նախարարության հաղորդած տվյալներից երևում է, որ կալանավորվածների թվում կա զինված ուժերի 7.098 սպա, 8.815 ոստիկան, 24 նահանգապետ, 73 փոխնահանգապետ և 116 գավառապետ:
Այս պահին ձերբակալման որոշում կա ևս 8.087 անձանց վերաբերյալ, որոնցից 152-ը զինվորական են, 392-ը՝ ոստիկան, 3-ը՝ նահանգապետ, 9-ը՝ գավառապետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում: