18:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

07 դեկ 2017 11:42

Պետք է խուսափել ամեն ինչ ծայրահեղականացնելուց, բայց նաև չպետք է թաքցնել բռնությունը. Հարցազրույց Կարինե Աճեմյանի հետ

Արդեն Ազգային Ժողովի  քննարկմանն է ներկայացվել, վերնագրից մինչև բազմաթիվ բովանդակային փոփոխությունների ենթարկված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Բուռն քննարկումները  չեն դադարում նաև ԱԺ ամբիոնից, կարծիքները խիստ տարբեր են: Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:
-Տիկին Աճեմյան, ԱԺ-ում բավական բուռն է քննարկվում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Ըստ Ձեզ, մեր երկրում, կա՞ նման օրենք ընդունելու անհրաժեշտություն:
-Այո, կա անհրաժեշտություն: Առհասարակ մենք ապրում ենք աշխարհում, որը լի է ագրեսիայով և այդ ագրեսիան գնալով մեծանում է, ինչը կապված է շատ հանգամանքներից՝ տգիտության, դաստիարակության պակասի, անառողջ ընտանիքներում մեծանալու հետ: Խոսում են հիմնականում կանանց նկատմամբ բռնությունների մասին, ես կարծում եմ, որ այս օրենքը մարդու իրավունքները պաշտպանող օրենք պետք է լինի և ամենակարևորը կանխարգելիչ նպատակ ունենա: Համերաշխություն, խաղաղություն, սեր, սրանք բարի ցանկություններ են, բայց, երբ, ականատեսն ենք լինում սարսափ ֆիլմեր հիշեցնող ընտանեկան բռնության դեպքերի, ապա կարծում եմ օրենքի միջամտությունը անհրաժեշտ է: Օրենքը ամենևին չի խանգարում, որ մեր ընտանիքները լինեն համերաշխ, ավանդական, բայց բռնությունն էլ չպետք է թաքցնել:
-Օրենքը ինչպե՞ս կարող է կանխարգելել ընտանեկեն բռնությունները: Ո՞րն է գործիքակազմը, որով կնվազի բռնություններն ընտանիքներում:
-Այնպես չէ, որ այս օրենքը մի քանի ամսվա պատմություն ունի: Տարիներ շարունակ և հասարակական կազմակերպություների կողմից են ներկայացվել օրենքի նախագծեր և մենք բազմաթիվ քննարկումներ ենք  ունեցել բռնությունները կանխարգելելու հետ կապված: Այս օրինագիծն էլ բազմաթիվ քննարկումների արդյունքում, լուրջ փոփոխությունների ենթարկվեց: Ասեմ որ, այս օրենքով, որևէ ձևով հնարավոր չէ խաթարել ընտանիքի մթնոլորտը, որևէ մեկի երեխային ընտանիքից բռնի ուժով հանել հնարավոր չէ, հակառակը դրված են գործիքներ որոնցով կարելի է կանխարգելել բռնությունները ընտանիքում:
-Շատ են մտահոգությունները հատկապես երեխաների հարցով: Ինչպե՞ս պետք է տարբերակել ծնողական խրատը, վնասակար քայլերից երեխային զերծ պահելու պատիժը, բռնությունից:
-Ես կարծում եմ, որ երեխային պետք է սիրել, գուրգուրել: Սիրո մեջ մեծացած, առողջ ընտանեկան մթնոլորտում ապրած երեխան, հետագայում ինքնել երբեք բռնություն չի գործադրի: Բայց ցավոք ունենում ենք նաև երեխաների նկատմամբ բռնություններ, ինչը պետք է կանխարգելել: Մտահոգություն կար ապաստարանների վերաբերյալ, այդ դրույթներն արդեն շատ ճիշտ ձևակերպում են գտել, օրինակ երեխայի դեպքում՝ առանց ծնողի նա չի կարող հայտնվել ապաստարանում, այսինքն ուժով երեխային ընտանիքից տանել ապաստարան միայնակ՝ դա անհնար  է: Մեր երկիրը բռնությունների դաշտ համարել պետք չէ, բայց, որ բռնություններ կան և հատկապես գյուղական համայնքներում դա էլ չի կարելի ժխտել: Պետք է խուսափել ամեն ինչ ծայրահեղականացնելուց, բայց նաև չպետք է թաքցնել բռնությունը:  
-Ի՞նչ եք կարծում, կանայք՝ հատկապես մարզերում ապրող, որոնք պարբերաբար բռնության են ենթարկվում և վախի մթնոլորտում են ապրում, կբարձրաձայնեն իրենց խնդիրների մասին: Օրենքը կարո՞ղ է ինչ որ բան փոխել:
-Նախ օրենքի իրազեկման անհրաժեշտություն կա: Այս օրերին, նաև շատ խոսվեց եկեղեցու դերակատարության մասին. ես շատ հաճախ մասնակցում եմ Հայ Առաքելական Եկեղեցու քրիստոնեկան դաստիարակության կենտրոնի կողմից կազմակերպած ծրագրերին, որոնք հենց ընտանիքների հետ են աշխատում, որպեսզի բացառվի բռնությունը ընտանիքում: Սա շատ նուրբ խնդիր է, միջամտությունը պետք է լինի տեղին, գիտակցված և օգնող: Ամեն ինչ պետք է անենք որպեսզի օրենքը առաջին հերթին ունենա կանխարգելիչ նշանակություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր