Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

26 փետ 2018 18:05

Ովքեր են իրականում հավակնում թաղապետի պաշտոնի

Երեւանի քաղաքապետարանում եւ առանձին վարչական շրջաններում հնարավոր փոփոխությունների մասին վերջին օրերին մամուլում հաճախակի են գրվում: Տեղեկություններն այն մասին, որ կադրային ու կառուցվածքային փոփոխությունները չեն շրջանցելու քաղաքային իշխանությանը չեն թաքցնում նաեւ իշխանական էլիտայի տարբեր ներկայացուցիչներ, գրում է irakanum.am-ը:

Օրերս «Հրապարակ» օրաթերթը հղում անելով իր աղբյուրներից գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլին ընդառաջ ընդունում-հանձնում է անում, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին են զեկուցում 2017թ. կատարված աշխատանքների եւ 2018թ. ծրագրերի մասին: Թերթը գրել էր, որ Մարգարյանի կազմակերպած «ստուգարքից» «կտրվողներ» լինեն, որոշ թաղապետեր կփոխվեն։ Սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ապրիլից հետո, երբ կլրանա, ասենք, Գագիկ Բեգլարյանի որդու 25-ամյակը, եւ նա օրենքով հնարավորություն կունենա զբաղեցնել թաղապետի պաշտոնը։ Իսկ Հրանտ Գագիկի Բեգլարյանի 25 տարին լրանում է մայիսի 23-ին։

Հիշեցնենք, որ այժմ նա Կենտրոնի փոխթաղապետն է՝ Արա Սադոյանի տեղակալը, ում եղբորը՝ Ռուբեն Սադոյանին, Բեգլարյանը գործուղեց Վրաստանում Հայաստանի դեսպան՝ սրանով կոմպենսացնելով թաղապետ եղբոր մոտալուտ պաշտոնանկությունը։ Իրականում որքանով է հավանական կրտսեր Բեգլարյանի՝ թաղապետ նշանակվելը: Նախ, որ Բեգլարյան Հրանտը ըստ էության չի բացառում, որ շուտով նշանակվելու է թաղապետ: Առհասարակ Կենտրոն վարչական շրջանը համարվում է Բեգլարյանների այսպես ասած «թաղը»: Արա Սադոյանը եւ Գագիկ Բեգլարյանը քավոր- սանիկական հարաբերությունների մեջ են, եւ Սադոյանը մշտապես համարվել ոչ թե Տարոն Մարգարյանի թիմակիցը, այլ՝ Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչը քաղաքապետարանում: Հետեւաբար Արա Սադոյան- Հրանտ Բեգլարյան փոխատեղումը իրականում, որեւէ էական փոփոխություն չի կարող ունենալ:

Այնպես, ինչպես Զեյթուն վարչական շրջանը, որը համարվում է ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի «տարածաշրջանը»: Տարոն Մարգարյանը հեռացնելով նախկին թաղապետին, Զեյթուն վարչական շրջանի ղեկավար նշանակեց Միհրան Պողոսյանի մեկ այլ թիմակցին՝ Արթուր Ստեփանյանին՝ Չախկալ Արթուրին: Այլ կերպ ասած վերադասավորումը դարձյալ հօգուտ Մարգարյանի չէր:

Մամուլի հրապարակումների համաձայն մինչեւ մայիս հեռացողների շարքում նշվում է նաեւ Շենգավիթի թաղապետի անունը: Արմեն Սարգսյանը, ով բարեկամական կապերի մեջ է Տարոն Մարգարյանի հետ 58 տարեկան է ու «հոգնած» մոտեցում է ցուցաբերում աշխատանքին։ Վերջինս շրջանառվող տեղեկությունների համաձայն արդեն իսկ պլանավորել է իր հետագա գործունեությունը՝ մեկնելու է բուժման:

Ավելի ուշ Meganews.am-ը գրեց, որ Շենգավիթի թաղապետին կփոխարինի Գևորգ Ստեփանյանը: Վերջինս ՀՀԿ անդամ է: Ընտրությունների ժամանակ շնորհիվ իր հեղինակության կարողացել է զգալի ձայներ բերել հարազատ կուսակցությանը: Գեւորգ Ստեփանյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի խորհրդականն է: Ստեփանյանի նշանակումը կարող է էական դերակատարություն ունենալ Տարոն Մարգարյան- իշխանական վերնախավ հարաբերությունների ամրապնդման հարցում: Գաղտնիք չէ, որ Երեւանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում տեղի ունեցած միջադեպը զգալիորեն ազդեց Մարգարյանի առանց այն էլ ցածր հեղինակության վրա: Ավագանու նիստում կանանց ծեծող ՀՀԿ ավագանիներին քննադատեցին նաեւ կուսակցության կարկառուն դեմքերը: Հիմա ըստ էության տեղի ունեցող զարգացումներին, հնարավոր ու հետագա վերադասավորումները կատարելիս Մարգարյանն առավել քան զգույշ պետք է լինի, յուրաքանչյուր վրիպում կարող է վատ ավարտ ունենալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր