Իշխանությունը ցանկանում է անպարկեշտ ձեւով մարտի 1-ի հարցը փակել
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ողջունում է Ելք-ի մարտի 1-ի վերաբերյալ խորհրդարանական լսումների նախաձեռնությունը:
«Իշխանությունը ցանկանում է անպարկեշտ ձեւով մարտի 1-ի հարցը փակել՝ մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելով: Սա կլինի իշխանության պլանի իրագործում: Եթե ԱԺ-ում քննարկումների արդյունքում ընդունվի մի որոշում, որտեղ միայն կբավարարվի փոխհատուցման պահանջը, ապա այդ դեպքում սա կհամարվի անբարոյական գործարք»:
Լեւոն Զուրաբյանին զարմացնում է, որ Սամվել Նիկոյանը՝ ԱԺ-ում նորից խոսելու իրավունք է ձեռք բերել.
«Նիկոյանը չհասկացավ, թե ինչ կատարվեց իր հետ, ՀՀԿ-ից ընտրել էին անհատ, որը քիչ է ենթակա հասարակության ատելությանը, նրան հանձնարարել են անել այդ կեղտոտ գործը՝ կոծկել մարտի 1-ը: Ինքը չհասկացավ, թե իրեն ո՞նց փչացրին, չնայած վերջում հասկացել էր: Եթե Կոնգրեսը լիներ Պառլամենտում, ինքը չէր կարող նման կերպ խոսել, իսկ հիմա նրան հակադարձող չեղավ, ոչ ոք չասաց, թե ինչո՞ւ ես քո հնամաշ բառերը նորից ասում»:
Արդարադատություն, փոխհատուցում մարտի 1-ի զոհերի հարազատներին, իշխանությունը ինքը պետք է ներողություն խնդրի սեփական ժողովրդից, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
«Առաջնային պատասխանատվությունն ընկած է Ռոբերտ Քոչարյանի վրա: Այդ օրվա իշխանության գլուխը Ռոբերտ Քոչարյանն էր, նա է հրամանագիր ստորագրել, նրա հրամանով է բանակը թողել սահմանը եւ եկել ճնշումներ իրականացնելու: Չնայած սրան, Սերժ Սարգսյանն էլ է կրում պատասխանատվություն, քանի որ նա այդ թիմի մասն է եղել, եւ կա կոծկման պատասխանատվություն: Սերժ Սարգսյանի ամենամեծ մեղավորությունն այն է, որ նրա նախագահության տարիներին այդ ամենը 10 տարի կոծկվել է»:
Նա կարեւորեց մարտի 1-ին կազմակերպվելիք երթը եւ ավելացրեց, որ ամենակարեւոր գործը ժողովրդի ներկայությունն է Ազատության հրապարակում:
«Եթե ժողովուրդ քիչ հավաքվի, ու դա տեսնի իշխանությունը, այդ ժամանակ իշխանությունն ինքն իր համար կորոշի, որ ժողովուրդը մարսել է Մարտի 1-ը»:
Վաղը՝ մարտի 1-ի զոհերի ծնողների հետ նրանք գնալու են գերեզման: Ժամը 4-ին պատարագ է նախատեսված, իսկ երեկոյան ժամը վեցին կմեկնարկի երթը:
Լեւոն Զուրաբյանն ասուլիսին դատարկաձեռն չէր եկել. «Մարտի 1-ի ոճրագործությունը» վերնագրով գիրքը նա բաժանեց լրագրողներին: Կոնգրեսը հատուկ հրատարակել է այդ գիրքը, որն օբյեկտիվորեն ներկայացնում է մարտի 1-ի դեպքերի ողջ պատկերը, եզրափակեց Լեւոն Զուրաբյանը: